Տիյա
Տիյա | |
---|---|
Ծնվել է՝ | մ. թ. ա. 1398 |
Ծննդավայր | Ախմիմ, Sohag Governorate, Եգիպտոս |
Մահացել է՝ | մ. թ. ա. 1338 |
Վախճանի վայր | Թեբե |
KV35 | |
Երկիր | Հին Եգիպտոս |
Տոհմ | Տասնութերորդ արքայատոհմ |
Հայր | Յույա |
Մայր | Տույա |
Երեխաներ | Երիտասարդ տիկին, Սիտամոն, Իսիդա, Հենուտանեբ, Նեբետահ, Թութմոս, Էխնաթոն, Սմենհկարա և Բակեթաթոն |
Հավատք | Եգիպտական դիցաբանություն |
Տիյա (անգլ.՝ Tiye, հաճախ գրվում է նաև Տայ, Տայա և Տիյի, մ. թ. ա. 1398, Ախմիմ, Sohag Governorate, Եգիպտոս - մ. թ. ա. 1338, Թեբե), Յույայի և Տույայի դուստր, որը դարձել է եգիպտական Ամենհոտեպ III փարավոնի մեծ թագուհին։ Հանդիսացել է Էխնաթոնի մայրն ու Թութանհամոնի տատը։ 2010 թվականին կատարված ԴՆԹ անալիզը հաստատել է, որ 1898 թվականին Ամենհոտեպ II-ի դամբարանից (KV35) հայտնաբերված և որպես «Տարիքով տիկին» հայտնի մումիան պատկանում է Տիյային։
Ընտանիք և վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Տիյայի հայրը՝ Յույան, արքայական ծագում չունեցող հարուստ հողատեր էր Վերին Եգիպտոսում գտնվող Ախմիմ քաղաքից[1], որտեղ նա ծառայել է որպես քահանա ու վերակացու, կամ մարտակառքերի հրամանատար[2]։ Տիյայի մայրը՝ Տույան, ընդգրկված է եղել շատ կրոնական պաշտամունքներում, ինչպես վկայում են նրա տարբեր տիտղոսները («Հաթորի փառաբանող», Ամոնի և Մինի «Զվարճացնողների ղեկավար»)[3], որը խոսում է նրա արքայական ծագման մասին։
Եգիպտագետները ենթադրել են, որ Տիյայի հայրը օտար ծագում է ունեցել՝ ելնելով նրա մումիայի առանձնահատկություններից ու նրա անվան բազում տարբեր ուղղագրություններից, համաձայն որոնց դա եգիպտական անուն չէր[4]։ Ոմանք պնդել են, որ թագուհու ուժեղ քաղաքական և ոչ ավանդական կրոնական հայացքները կարող էին ոչ թե պարզապես ուժեղ բնավորության, այլ արտասահմանյան ծագման արդյունք լինել[3]։
Տիյան Անեն անունով եղբայր է ունեցել, որն Ամոնի երկրորդ մարգարեն էր[5]։ Մահից հետո Թութանհամոնին որպես փարավոն հաջորդած Էյեն նույնպես համարվում է Տիյայի եղբայրը, չնայած դա հաստատող որևէ փաստ կամ հուշարձան չկա։ Եգիպտագետները դա վերագրում են Էյեի ծագմանը (նա նույնպես Ախմինից էր), որովհետև այնտեղ Մին աստծուն նվիրված մատուռ էր կառուցել, և նաև որովհետև ժառանգել էր Տիյայի հոր՝ Յույայի տիտղոսների մեծ մասը, որոնք վերջինս կրել է Ամենհոտեպ III-ի արքունիքում ծառայելու ժամանակ[3][6]։
Տիյան ամուսնացել է Ամենհոտեպ III-ի հետ՝ վերջինիս գահակալության երկրորդ տարում։ Նա ծնվել էր իր հոր երկրորդական կանանցից մեկից ու արքայական տոհմի հետ ավելի ուժեղ կապի կարիք ուներ[4]։ Ամուսնությունը նշվել է հուշագիտական արձանագրությունների թողարկմամբ, որտեղ Տիյան ճանաչվել է Մեծ թագուհի ու գրվել են նրա ծնողների անունները[7]։ Հավանաբար թագադրվել է դեռևս մանուկ հասակում, գուցե 6-12 տարեկան։ Զույգը ենթադրաբար ունեցել է առնվազն յոթ, եթե ոչ ավելի, զավակներ։
Զավակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սիտամոն, ավագ դուստրը, որն իր հոր կառավարման 30-րդ տարում արժանացել է Մեծ թագուհու կոչմանը[8]։
- Իսիդա, նույնպես արժանացել է Մեծ թագուհու կոչմանը[8]։
- Հենուտանեբ, հայտնի չէ, արդյոք թագուհի է եղել, թե ոչ, չնայած նրա անունն առնվազն մեկ անգամ հանդիպում է քարտուշում։
- Նեբետահ, որը եղբոր գահակալության տարիներին վերանվանվել է Բակետատեն։
- Թագաժառանգ Թութմոս, Պտահի քահանայապետ, մահացել է հորից առաջ։
- Ամենհոտեպ IV կամ Էխնաթոն, որպես փարավոն հաջորդել է հորը, եղել Նեֆերտիտի թագուհու ամուսինն ու Թութանհամոնի կնոջ՝ Անհեսենամոնի հայրը։
- Սմենհկարա, Էխնաթոնի անմիջական հաջորդողներից մեկը, որին եգիպտագետ Էյդան Դոդսոնը համարում է Նեֆերնեֆրուատոնի անմիջական նախորդը և Էխնաթոնի կրտսեր համառեգենտը, որն անկախ գահակալություն չի ունեցել[9]։ Երբեմն համարվում է Թութանհամոնի հայրը։
- Ամենհոտեպ II-ի դամբարանից (KV35) հայտնաբերված «Երիտասարդ տիկին», Ամենհոտեպ III-ի ու Տիյայի դուստր, Թութանհամոնի մայր ու KV55 դամբարանում հայտնաբերված մումիայի քույրն ու կինը։ Հավանաբար Ամենհոտեպ III-ի ու Տիյայի արդեն հայտնի դուստրերից մեկն է։
- Բակեթաթոն, համարվել է Տիյա թագուհու դուստրը ելնելով այն հարթաքանդակից, որտեղ Բակեթաթոնն Էխնաթոնի ու Նեֆերտիտիի հետ ընթրիքի ժամանակ նստած է Տիյայի կողքին[1]։
Հուշարձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսինը նրան մի քանի սրբավայր է նվիրել ու Նուբիայում տաճար կառուցել, որտեղ նրան երկրպագել են ինչպես Հաթոր-Տեֆնուտ աստվածուհուն[10]։ 12-րդ տարում նրա պատվին արհեստական լիճ է կառուցվել[11]։ Այժմ եգիպտական թանգարանում գտնվող վիթխարի արձանում Տիյան քանդակված է ամուսնու հասակին։ Ինչպես նշել են ամերիկացի եգիպտագետներ Դեյվիդ Օ՛Քոնորն ու Էրիկ Քլայնը՝
Տիյայի վերաբերյալ աննախադեպ բանը ոչ թե այն է, թե նա որտեղից է եկել, այլ ինչ է դարձել։ Ոչ մի նախկին թագուհի երբեք այդքան ակնառու չի պատկերվել իր ամուսնու կենդանության օրոք։ Տիյան կանոնավորապես հայտնվում է Ամենհոտեպ III-ի կողքին արձաններում, դամբարանների և տաճարների ցայտաքանդակներում ու սյուներում, իսկ նրա անունը զուգադրվում է ամուսնու անվան հետ բազմաթիվ փոքր առարկաների վրա, ինչպիսիք են անոթները և զարդերը, էլ չասած խոշոր հուշագրական արձանագրությունները։ Նրա պատկերման մեջ նոր տարրերի, ինչպիսիք են՝ Հաթոր աստվածուհու խորհրդանիշներ կովի եղջյուրներն ու արևի սկավառակը, ավելացումը շեշտում է նրա՝ որպես թագավորի աստվածային ու երկրային զուգընկերոջ դերը։ Ամենհոտեպ III-ը նրան նվիրված տաճար է կառուցել հյուսիսային Սուդանում, որտեղ նրան երկրպագել են որպես Հաթորի։ Այս տաճարից տասնհինգ կմ դեպի հարավ կառուցվել է ավելի խոշոր մեկն Ամենհոտեպի համար (մեկ դար անց Ռամզես II-ը կրկնել է այս մտահաղացումը՝ Աբու Սիմբելում երկու տաճար կառուցելով․ ավելի խոշորը՝ հարավում նվիրված թագավորին, համեմատաբար ավելի փոքրը՝ հյուսիսում նվիրված թագուհի Նեֆերտարիին)[12] |
։
Ազդեցություն պալատում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ե՛վ ամուսնու, և՛ որդու գահակալության տարիներին Տիյան օժտված է եղել մեծ իշխանությամբ։ Ամենհոտեպ III-ը դարձել է լավ մարզիկ, բացօթյա կյանքի սիրահար և հոյակապ պետական գործիչ։ Նա հաճախ ստիպված եղել դիտարկել Եգիպտոսի ոսկու պահանջները և իր դուստրերի հետ ամուսնության առաջարկներն այնպիսի թագավորների կողմից, ինչպիսիք են՝ Միտաննի թագավորության արքա Տուշրատտան ու Բաբելոնի արքա Կադաշման-Էնլիլ I-ը։ Հին Եգիպտոսում արքայական ծագումը փոխանցվում էր կանանց միջոցով ու այդպիսի կնոջ հետ ամուսնանալն իրենց սրունդների համար ճանապարհ կբացեր դեպի գահը։ Տիյան դարձել է իր ամուսնու վստահելի խորհրդատուն ու սրտակիցը։ Լինելով իմաստուն, խելացի, ուժեղ և դաժան՝ նա կարողացել է շահել օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաների հարգանքը։ Արտասահմանյան առաջնորդները պատրաստ էին ուղղակիորեն գործ ունենալ նրա հետ։ Նա շարունակել է ակտիվ դեր խաղալ արտաքին հարաբերություններում և առաջին եգիպտական թագուհին էր, որի անունը գրանցվել է պաշտոնական փաստաթղթերում[13]։
Հնարավոր է, որ Տիյան եղած լինի նաև որդու՝ Էխնաթոնի խորհրդականը վերջինիս գահ բարձրանալուց հետո։ Տուշրատտայի հետ նրա որդու նամակագրությունը վկայում է Տիյայի՝ արքունիքում վայելած քաղաքական ազդեցության մասին։ EA 26 նամակում Տուշրատտան գրել է անմիջապես Տիյային ու վերհիշել այն լավ հարաբերությունների մասին, որոնք նա վայելում էր վերջինիս՝ արդեն հանգուցյալ ամուսնու հետ և ցանկություն հայտնում շարունակել նրա որդու՝ Էխենաթոնի հետ ընկերական հարաբերությունները[14]։
Ամենհոտեպ III-ը մահացել է իր կառավարման 38-րդ կամ 39-րդ տարում (մ․թ․ա․ 1353 /1350 թվականներ) և հուղարկավորվել Արքաների հովտի WV22 դամբարանում։ Տիյան ամուսնուց հետո ապրել է ևս տասներկու տարի։ Նա շարունակել է հիշատակվել Ամարնա արխիվում և արձանագրություններում որպես թագավորի թագուհի ու սիրելի կին։ Հայտնի է, որ նա տուն է ունեցել Էխնաթոնի նոր մայրաքաղաք Ախենաթենում (Ամարնա), և պատկերվել է Հույայի դամբարանի պատերին՝ Էխնաթոնի, Նեֆերտիտիի ու նրանց ընտանիքի հետ ճաշի սեղանի շուրջ[15]։ Էխնաթոնի կառավարման 12-րդ տարում (մ․թ․ա․ 1338 թվական) արված մի փորագրության մեջ նա և իր թոռնուհի Մակեթաթոնը պատկերվել են վերջին անգամ։ Հավանաբար դրանից կարճ ժամանակ անց նրանք վախճանվել են։
Եթե Տիյան մահացել է Էխնաթոնի կառավարման 12-րդ տարում (մ․թ․ա․ 1338 թվական), ապա նա պետք է ծնված լինի մոտավորապես մ․թ․ա․ 1398 թվականին, տասնմեկ կամ տասներկու տարեկանում ամուսնացած լինի Ամենհոտեպ III-ի հետ ու այրիացած լինի քառասունութ կամ քառասունինը տարեկանում։
Հուղարկավորություն և մումիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ենթադրվել է, որ Տիյան սկզբնապես հուղարկավորվել է Ամառնայում գտնվող Էխնաթոնի դամբարանում՝ որդու և թոռնուհի Մակեթաթոնի հետ։ Ապացույցները ցույց են տալիս, որ անավարտ սյունազարդ դահլիճի հյուսիսային երկու սյուները հանվել են՝ սարկոֆագ տեղավորելու նպատակով[16], իսկ նրա ջարդված սարկոֆագի կտորները հայտնաբերվել են դամբարանախոռոչում և դրա շրջակայքում[17]։
Մայրաքաղաքը հետ դեպի Թեբե տեղափոխելուց հետո Տիյան արքայական դամբարանի մյուս հանգուցյալների հետ տեղափոխվել է արքաների հովիտ։ Նախապատրաստություններ էին տեսնվել Ամենհոտեպ III-ի գահակալության տարիներին Տիյային ամուսնու դամբարանում թաղելու համար։ Նրան պատկանող ուշեբտի արձանիկներ են հայտնաբերվել այդ դամբարանում[18]։
1898 թվականին երեք խումբ մումիացված մասունքներ են հայտնաբերվել Վիկտոր Լորեի կողմից Ամենհոտեպ II-ի դամբարանի կողմնայի խոռոչում։ Դրանցից մեկը տարիքով կին էր, երկրորդը մոտավորապես տասը տարեկանում մահացած տղա երեխա, հավանաբար Ամենհոտեպ II-ի որդի Վեբենսենուն կամ արքայազն Թութմոսը, իսկ երրորդը՝ ավելի երիտասարդ տարիքի անհայտ տիկին։ Երեքն էլ գտնվել են կողք-կողքի մերկ պառկած վիճակում ու չճանաչված։ Տարիքով կնոջ մումիան, որը հետագայում պետք է պարզվեր, որ Տիյան էր, եգիպտագետներն անվանել են «Տարիքով տիկին», իսկ ավելի երիտասարդին՝ «Երիտասարդ տիկին»։ Որոշ գիտնականներ անհավանական են համարել տարիքով կնոջ՝ Տիյան լինելու հանգամանքը[18]։
Վրան Տիյայի անունը գրված ու մի մազափունջ պարունակող չորս փոքրիկ դագաղներ[19] են հայտնաբերվել նրա թոռան՝ Թութանհամոնի դամբարանից․ միգուցե հիշատակ սիրելի տատիկից[18]։ 1976 թվականին տարիքով տինոջ մազերի նմուշների ու դագաղներում հայտնաբերված մազափնջի վրա կատարված միկրպրոբային անալիզը ցույց է տվել, որ դրանք կատարելապես համընկնում են, որով և նույնացրել են տարիքով տիկնոջը Տիյա թագուհու հետ[20]։
2010 թվականին ԴՆԹ վերլուծությամբ տարիքով տիկնոջը պաշտոնապես նույնականացրել են Տիյա թագուհու հետ[21]։ Մահվան պահին նա եղել է մոտավորապես 40–50 տարեկան ու ունեցել 145 սմ հասակ[22]։
Նրա մումիան կրում է CG 61070 գույքագրման համարը[23]։ 2021 թվականի ապրիլին այն Կահիրեի եգիպտական թանգարանից երեք այլ թագուհու և տասնութ թագավորների մումիաների հետ տեղափոխվել է Եգիպտական քաղաքակրթության ազգային թանգարան «Փարավոնների ոսկե շքերթ» անունը կրած միջոցառման շրջանակներում[24]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Tyldesley, 2006, էջ 115
- ↑ "Bart, Anneke. "Ancient Egypt." http://euler.slu.edu/~bart/egyptianhtml/kings%20and%20Queens/amenhotepiii.htm Արխիվացված 2016-09-24 Wayback Machine
- ↑ 3,0 3,1 3,2 Tyldesley, 2006, էջ 116
- ↑ 4,0 4,1 O'Connor, Cline, էջ 5
- ↑ O'Connor, Cline, էջ 5-6
- ↑ Shaw, Ian. The Oxford history of Ancient Egypt. Oxford University Press: London, 2003. p.253
- ↑ Hayes, William C. (1959). The Sceptre of Egypt: A Background for the Study of the Egyptian Antiquities in The Metropolitan Museum of Art. Part II, The Hyksos Period and the New Kingdom (1675–1080 B.C.) (1990 (revised) ed.). New York: The Metropolitan Museum of Art. էջ 231.
- ↑ 8,0 8,1 Tyldesley, 2006, էջ 121
- ↑ Aidan Dodson, "Amarna Sunset: Nefertiti, Tutankhamun, Ay, Horemhab and the Egyptian Counter-reformation" (Cairo: AUC Press, 2010), pp.27-29
- ↑ O'Connor, Cline, էջ 6
- ↑ Kozloff, Arielle; Bryan, Betsy (1992). «Royal and Divine Statuary». Egypt's Dazzling Sun: Amenhotep III and his World. Cleveland. ISBN 978-0-940717-16-9.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ O'Connor, Cline, էջ 6-7
- ↑ Tyldesley, 2006, էջ 118
- ↑ «EA 26 - A Letter from Tushratta to Tiye».
- ↑ O'Connor, Cline, էջ 23
- ↑ Martin, G. T. (1989). The Royal Tomb at El-'Amarna. The Rock Tombs of El-'Amarna, Part 8. Volume 2. London: Egypt Exploration Society. էջ 21.
- ↑ Gabolde, M. (1998). D'Akhenaton à Toutânkhamon. Lyon: Université Lumière-Lyon. էջեր 134–36.
- ↑ 18,0 18,1 18,2 Dodson, Hilton, էջ 157
- ↑ 320e. «Griffith Institute: Carter Archives - 320e». www.griffith.ox.ac.uk.
{{cite web}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ Harris, James E.; Wente, Edward F.; Cox, Charles F.; El Nawaway, Ibrahim; Kowalski, Charles J.; Storey, Arthur T.; Russell, William R.; Ponitz, Paul V.; Walker, Geoffrey F. (1978). «Mummy of the "Elder Lady" in the Tomb of Amenhotep II: Egyptian Museum Catalog Number 61070». Science. 200 (4346): 1151. Bibcode:1978Sci...200.1149H. doi:10.1126/science.349693. ISSN 0036-8075. JSTOR 1746491. PMID 349693.
- ↑ Hawass, Zahi et al. "Ancestry and Pathology in King Tutankhamun's Family" The Journal of the American Medical Association pp.640-641
- ↑ Hawass, Zahi; Saleem, Sahar N. (2016). Scanning the Pharaohs : CT Imaging of the New Kingdom Royal Mummies. Cairo: The American University in Cairo Press. էջ 77. ISBN 978-977-416-673-0.
- ↑ Habicht, M.E; Bouwman, A.S; Rühli, F.J (2016 թ․ հունվարի 25). «Identifications of ancient Egyptian royal mummies from the 18th Dynasty reconsidered». Yearbook of Physical Anthropology. 159 (S61): 216–231. doi:10.1002/ajpa.22909. PMID 26808107. Վերցված է 2021 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ Parisse, Emmanuel (2021 թ․ ապրիլի 5). «22 Ancient Pharaohs Have Been Carried Across Cairo in an Epic 'Golden Parade'». ScienceAlert. Վերցված է 2021 թ․ ապրիլի 5-ին.
Գրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Dodson, Aidan; Hilton, Dyan (2004). The Complete Royal Families of Ancient Egypt. London: Thames & Hudson. ISBN 978-0-500-05128-3.
- O'Connor, David; Cline, Eric H. (1998). Amenhotep III: Perspectives on His Reign. Ann Arbor: University of Michigan Press. ISBN 978-0-472-08833-1.
- Tyldesley, Joyce (2006). Chronicle of the Queens of Egypt. London: Thames & Hudson. ISBN 978-0-500-05145-0.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Podcast on Queen Tiye, "History of Egypt Podcast" series by Eyptologist Dominic Perry, 2020
- Podcast on the death of queen Tiye, "History of Egypt Podcast" series by Eyptologist Dominic Perry, 2020
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիյա» հոդվածին։ |
|