[go: up one dir, main page]
More Web Proxy on the site http://driver.im/Jump to content

Ռելե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռելեյի աշխատանքի սկզբունքը՝ վերևինը ռելեյի հոսանքազերծված (կանոնավոր) վիճակն է, ներքևինը միացված վիճակն է: 1 — էլեկտրական մագնիս (ֆերրոմագնիսական միջնաձողով փաթույթ) 2 — շարժվող խարիսխ; 3 — շփման համակարգ (փոխարկիչ).

Ռելե (ֆրանս․ relais, relayer-փոխել, փոխարինել) կամ ինքնանջատիչ, ռելեային տարր պարունակող հարմարանք, որը նախատեսված է տրված մուտքի ներգործությունների հետևանքով որևէ էլեկտրական շղթայի վիճակի թռիչքաձև փոփոխություններ իրագործելու համար։

Ըստ կիրառման բնագավառի տարբերում են հեռագրային, հեռախոսային, ավիացիոն և այլ տիպի ռելեներ։ Ռելեն գործի դնող արտաքին երևույթների ֆիզիկական բնույթին համապատասխան լինում են՝ էլեկտրական (հոսանքի, լարման, հզորության, դիմադրության, հաճախականության և այլն), մեխանիկական (տեղափոխման, արագության, արագացման, ճնշման, մակարդակի և այլն), ջերմային, օպտիկական, ձայնային, քիմիական, մագնիսական և այլ ռելեներ։ Կախված կատարող գործառույթից լինում են՝ պաշտպանության, վերահսկման, կառավարման, ազդանշանման և այլ ռելեներ։ Ռելեի անվանման մեջ հաճախ նշվում են նրա հիմնական օրգանների (էլեկտրամագնիսական, մագնիսաէլեկտրական, էլեկտրաջերմային, կոնտակտային, անկոնտակտ, երկմետաղական ևն) կամ ամբողջական կառուցվածքի (հերմետիկ, ոչ հերմետիկ) առանձնահատկությունները։ Ռելեն կարող է միաժամանակ կառավարել մի քանի անկախ էլեկտրական շղթաներ։ Երկար ժամանակ ռելեի կատարող օրգաններ էին համարվում միայն շփման կետերը (կոնտակտները)։

Իրական տեսքը

1950-ական թվականներին ռելեի կառուցվածքներում կիրառում էին մագնիսահագեցած տարրեր (մագնիսական ուժեղացուցիչներ) և կիսահաղորդչային սարքեր (տրանզիստորներ, տիրիստորներ), որոնք էլեկտրական շղթաների կառավարման համար մեխանիկական տեղափոխություններ չեն պահանջում։ Սկսած 70-ական թվականներից առավել տարածված են էլեկտրամագնիսական ռելեները։ Հատուկ խումբ են կազմում ժամանակի ռելեները, որոնք ռելեային սարքավորումներում կատարում են ժամանակի հապաղման ֆունկցիա՝ ռելեային սարքավորման մեջ կամ դրանից դուրս արտաքին ներգործությունների հաղորդման դեպքում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռելե» հոդվածին։