Կորեա
Կորեա | |
---|---|
Տեսակ | տարածաշրջան, ազգ և բաժանված երկիր |
Մայրցամաք | Ասիա |
Երկիր | Three Kingdoms of Korea, Later Silla, Later Three Kingdoms, Գորյո, Չոսոն, Կորեական կայսրություն և Ճապոնական կայսրություն |
Մակերես | 219 155 կմ² |
Կազմված է | Կորեական թերակղզի |
Աշխարհագրական տեղադրություն | Արևելյան Ասիա և Կորեական թերակղզի |
Ջրլիցի ափին | Ճապոնական ծով, Դեղին ծով և Արևելաչինական ծով |
Անվանված է | Գորյո |
Կորեա, տարածաշրջան Արևելյան Ասիայում։ Ներառում է Կորեական թերակղզին, Ջեջու կղզին և մի շարք փոքր կղզիներ թերակղզու մոտ։ Կորեան 1948 թվականից բաժանված է երկու ինքնիշխան պատությունների՝ Հյուսիսային Կորեա և Հարավային Կորեա։ Կորեան հյուսիս-արևելքից սահմանակցում է Ռուսաստանին, հյուսիս-արևմուտքից՝ Չինաստանին և արևելքում Կորեական նեղուցով ու Ճապոնական ծովով անջատված է Ճապոնիայից։
1-ին հազարամյակի առաջին կեսին Կորեան բաժանված էր երեք մրցակից պետությունների միջև՝ Գոգուրեո, Պեկչե և Սիլլա, որոնք միասին կոչվում էին «Կորեայի երեք թագավորություններ»։ 1-ին հազարամյակի երկրորդ կեսին Սիլլան պարտության մատնեց և նվաճեց Պեկչեն և Գոգուրեոն, և սկսվեց «Միացյալ Սիլլա»-յի ժամանակաշրջանը։ Այնուամենայնիվ հյուսիսում նախկին Գոգուրեոյի տարածքում ձևավորվեց Բոհայ պետությունը։ Միացյալ Սիլլան փլուզվեց քաղաքացիական պատերազմի արդյունքում և ձևավորվեց Ուշ երեք կորեական թագավորությունները։ 1-ին հազարմյակի վերջում Գոգուրեոն վերաձևավորվեց որպես Գորյո և պարտության մատնեց մյուս երկու պետություններին և միավորեց Կորեական թերակղզին որպես միացյալ անկախ պետություն։ Նույն ժամանակ Բոհայը փլուզվեց և նրա վերջին թագաժառանգ արքայազնը փախավ հարավ դեպի Գորյո։ Գորյոն, որի անվանումը տառադրաձվեց ժամանակակից Կորեայի, բարձր մշակութային պետություն էր[1][2][3][4][5][6]։ Սակայն մոնղոլների բազմակի արշավանքները 13-րդ դարում զգալի թուլացրեցին երկիրը և մի քանի տասնամյակ պայքարից հետո համաձայնվեցին դառնալ վասալ պետություն։ Գոնմին Արքայի ռազմական ապստամբությամբ վերջ դրվեց մոնղոլների քաղաքական ազդեցությունը Գորյոյում և դրան հաջորդեց քաղաքական պայքար և Գորյոն դարձավ գեներալ Տհեջոյի հեղաշրջման զոհը, ով հիմնադրեց Չոսոն պետությունը 1392 թվականի հուլիսի 17-ին։
Չոսոնի ժամանակաշրջանի առաջին 200 տարին համեմատաբար խաղաղ էր։ Այս ընթացքում Սեջոնգ Մեծ ստեղծեց կորեերեն այբուբենը 15-րդ դարում և մեծացրեց Կոնֆուցիականության ազդեցությունը։ Տոհմի կառավարմեն հետագա տարիներին Կորեան իր մեկուսական քաղաքականության պատճառով Արևմուտքի կողմից ստացավ «Լքյալ թագավորություն» մականունը։ 19-րդ դարի վերջին Կորեան դարձավ կայսերական Ճապոնիայի գլխավոր նպատակներից մեկը։ Առաջին սինո-ճապոնական պատերազմից հետո 1910 թվականին Կորեան բռնակցվեց Ճապոնիային և մնաց նրա տիրապետության տակ մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը։
1945 թվականին ԽՍՀՄ-ը և Միացյալ Նահանգները Ճապոնիայի կապիտուլյացիայից հետո համաձայնվեցին բաժանել Կորեան 38-րդ զուգահեռականով։ Հյուսիսը գտնվում էր ԽՍՀՄ-ի վերահսկողության տակ, իսկ հարավը՝ ԱՄՆ-ի։ Հետագայում այս երկու տարածքներում ձևավորվեցին երկու առանձին անկախ պատություններ՝ Հյուսիսային Կորեան և Հարավային Կորեան։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կորեան միատարր երկիր է։ Բնակչության 99% ից ավելին կորեացիներ են։ Դավանում են բուդդայականություն։ Կան փոքրաթիվ քրիստոնյաներ։ Պաշտոնական տոմարը Գրիգորյանն է, հարավում՝ նաև տեղականը, ըստ որի տոմարը սկսվում է Կորեայի առասպելական հիմնադիր Տանգունի ծննդյան տարեթվից (մ.թ.ա. 2333)։
Բնություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կորեական թերակղզու արևելյան ափերը լեռնոտ են, արևմուտքը՝ հարթ, կտրտված։ Նավագնացության համար հարմար ծովախորշերը գտնվում են նրա հյուսիսային և հարավային մասերում։ Արևմուտքում նավագնացությունը դժվարանում է մակընթացության ուժեղ ալիքների պատճառով։ Հարավային և արևմտյան ափերի երկայնքով տարածված են բազմաթիվ կղզիներ (Կոջեդո, Չեջուդո, Չինդո և այլն)։
Ռելիեֆ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռելիեֆը լեռնային է։ Հյուսիսում՝ Հյուսիս-Կորեական, արևելքում Արևելա-Կորեական լեռներն են (մինչև 2744 մ բարձրությամբ), հարավում՝ Սոբեկ և Նորյոն լեռնաճյուղերը, որոնք հյուսիսային լայնության 36°-ից հարավ կոչվում են Հարավ-Կորեական լեռներ։ Դաշտավայրերն ու հարթավայրերը գրավում են Կորեայի տարածքի մոտ 25 % ը և գերազանցապես գտնվում են թերակղզու արևմտյան ափի շրջանում։ Կորեական թերակղզին տեղադրված է Չին-Կորեական պլատֆորմի արևելյան մասում։ Կազմված է մինչքեմբրյան գրանիտներից, գնեյսներից և մետամորֆային թերթաքարերից, պլատֆորմի նստվածքային ծածկոցը՝ պրոտերոզոյան նստվածքներից, որը ծալքավորությամբ ձևափոխվել է և տեղ-տեղ պատռվել մեզոզոյան ինտրուզիաներով։ Կան երկաթի (մոտ 100 հանքավայր), բազմամետաղների, պղնձի, վոլֆրամի, քրոմի, կոբալտի, ոսկու, արծաթի, գրաֆիտի, մագնեզիտի, քարածխի, գորշ ածխի հանքավայրեր։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կլիման ծովային է, մուսսոնային։ Ձմեռային ցամաքային մուսսոնները բերում են չոր և սառը օդ։ Հունվարի միջին ջերմաստիճանը հյուսիսում —21 °C է, հարավում՝ մինչև 4 °C։ Հյուսիսային լեռներում սառնամանիքները հասնում են — 30 °C-ից —40 °C-ի։ Ամենատաք ամսվա միջին ջերմաստիճանը հյուսիսում 22 °C է, հարավում՝ 26 °C։ Տարեկան տեղումները՝ 700—1500 մմ։ Ձնածածկույթ լինում է միայն հյուսիսային լեռներում։
Գետային ցանց
[խմբագրել | խմբագրել կոդը]Գետային ցանցը խիտ է, սնումը՝ անձրևային, ձնաանձրևային։ Ամնոկկան (Յալուցզյան), Տեդոնգան, Հանգան, Տումանգան (Տումինցզյան), Նակթոնգան խոշոր գետերն օգտագործվում են ոռոգման, նավարկության և էլեկտրաէներգիա ստանալու համար։ Գետերի վրա կառուցված են ջրամբարներ։
Հողաբուսական ծածկույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հողաբուսական ծածկույթում գերակշռում են գորշ անտառային, գորշ լեռնային, հյուսիսում՝ լեռնա-պոդզոլային, հարավում՝ կարմրագորշ անտառային, խոնավ-մերձարևադարձային շրջաններում՝ կարմրահողերն ու դեղնահողերը, դաշտավայրերում և գետահովիտներում՝ բերրի ալյուվիալ հողերը։
Բուսականություն և Կենդանիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուսականությունը և կենդանական աշխարհը հարուստ է, բազմազան։ Տարածված են Սիբիրի, Հյուսիս-Արևելյան և Արևելյան Չինաստանի ու Ճապոնիայի ֆլորայի ներկայացուցիչները։ Տարածության 75% ը անտառապատ է, բայց սաղարթախիտ անտառի մի մասը նման է տայգայի։ Հարթավայրերում անտառները հատված են և ամբողջությամբ հերկված։ Կենդանիներից կան սիբիրյան անվանումով ամուրյան վագրեր, ընձառյուծ, արջեր, լուսան, բծավոր եղջերու, մարալ, մշկայծյամ և այլն։ Շատ են թռչունները։ Ձկներն ունեն արդյունագործական նշանակություն։
Կորեան մինչև 1948 թվականը. Պատմական ակնարկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարդու բնակության հնագույն հետքերը վերագրում են ուշ պալեոլիթին։ Մ. թ. ա. 5-6-րդ դարերում Կորեայի տարածքում ամենախոշոր ստրկատիրական պետությունը Չոսոնն էր։ Մ. թ. ա. 109 թվականին չինական Հան կայսրությունը նվաճեց Չոսոնը։ Մ.թ. սկզբին առաջացան վաղ ֆեոդալական պետություններ՝ Կոգուրյոն, Պեկչեն, Սիլլան։ 4-6-րդ դարերում տարածվեցին կոնֆուցիականությունը և բուդդայականությունը։ 19-րդ դարում Կորեայում ֆեոդալական մասնատվածության շրջան էր։ 935 թվականին երկիրը միավորել է Կորյո պետության (հիմնադրվել է 918 թվականին, ըստ ավանդության՝ Կորյո անունից առաջացել է երկրի եվրոպական անվանումը) հիմնադիր Վան Գոնը։ 1231 թվականին Կորեա ներխուժեցին մոնղոլները։ 1392 թվականին Կորյոյի զորահրամանատարներից Լի Սոն Գեն հռչակվել է թագավոր և հիմնել Լի դինաստիան (1392—1910)։
Կորեան ապրել է տնտեսական և մշակութային վերելք։ Երկրի վիճակը ծանրացել է ճապոնական (16-րդ դարի վերջին) և մանջուրական (16-րդ դարի 1-ին կեսին) նվաճողների ներխուժման հետևանքով։ 17-18-րդ դարերում Կորեան ապրել է սոցիալ-տնտեսական առաջընթաց, զարգացել են ապրանքա-դրամական հարաբերությունները, ուժեղացել է ֆեոդալական շահագործումը։ 18-րդ դարի վերջին նկատվել են ֆեոդալական հարաբերությունների քայքայման նշաններ։ 19-րդ դարում կառավարությունը, փորձելով պահպանել ֆեոդալական հարաբերությունները, ձգտել է Կորեան մեկուսացնել արտաքին աշխարհից, կորեական զորքերը ետ են մղել Ֆրանսիայի (1866), ԱՄՆ-ի (1871) ռազմանավերի հարձակումը, որոնք ուզում էին ուժով բացել Կորեայի նավահանգիստները։ 19-րդ դարի 2-րդ կեսին Կորեան հարկադրված էր առևտրական անիրավահավասար պայմանագրեր կնքել Ճապոնիայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և այլ երկրների հետ։
1882 թվականի հուլիսի 23-ին Սեուլում բռնկեց զինվորների և քաղաքացիների հակաճապոնական և հակակառավարական ապստամբություն, որը ճնշվեց Չինաստանի օգնությամբ։ 1885 թվականի ապրիլին Ճապոնիան և Չինաստանը կնքեցին պայմանագիր, որով հավասարվեցին Կորեայի նկատմամբ երկու կողմերի հավակնությունները։ Կորեան դարձավ կիսագաղութային երկիր։ Օտարերկրացիների ներխուժումը, ֆեոդալական շահագործումը առաջ բերեցին գյուղացիական խոշոր ապստամբություն (1893—1894)։ Չինաստանը, ապա Ճապոնիան զորք մտցրին Կորեա, սկսվեց ճապոնա-չինական պատերազմը։ 19-րդ դարի վերջին սրվեցին ռուս-ճապոնական հակասությունները Կորեայում։ 1896 թվականին Ռուսաստանի և Ճապոնիայի միջև կնքված համաձայնագրով Կորեան ճանաչվեց անկախ, սակայն երկու երկրների համար վերապահվեցին համապատասխան արտոնություններ Կորեայում։ 19-րդ դարի 90-ական թվականների 2-րդ կեսին Կորեան կոնցեսիաներ տրամադրեց ԱՄՆ-ին, Ճապոնիային, Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային, Գերմանիային և Ռուսաստանին։ 1904—1905 թվականների ռուս-ճապոնական պատերազմի ժամանակ Ճապոնիան օկուպացրեց Կորեան, իսկ պատերազմի ավարտից հետո փաստորեն գրավեց այն։
Ռուս-ճապոնական պատերազմը և 1905—1907 թվականների ռուսական հեղափոխությունը նոր թափ հաղորդեցին ազզային-ազատագրական շարժմանը։ Տարածվեցին ազգային վերածնության բուրժուա-դեմոկրատական գաղափարներ։ 1910 թվականի օգոստոսին Ճապոնիան անեքսիայի ենթարկեց Կորեային։ Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունը մեծ ազդեցություն ունեցավ Կորեայի ազգային-ազատագրական շարժման վրա։ 1919 թվականի մարտ-ապրիլին տեղի ունեցավ համազգային ապստամբություն, որը պարտություն կրեց։ 1920 թվականին կազմավորվեց առաջին համազգային բանվորական կազմակերպությունը։ 20-ական թվականների սկզբին ստեղծվեցին արհմիություններ և այլ մասսայական կազմակերպություններ։ Արդյունաբերական կենտրոններում առաջացան մարքսիզմ-լենինիզմը ուսումնասիրող խմբակներ։ 1925 թվականի ապրիլի 17-ին ստեղծվեց Կորեայի կոմունիստական կուսակցությունը (ԿԿԿ)։ 1930-ական թվականներին Մանջուրիայում (ուր ապրում էր մոտ 1 միլիոն կորեացի) և Կորեայի հյուսիսային շրջաններում ծավալվեց հակաճապոնական պարտիզանական շարժում, որը ղեկավարում էին կոմունիստները։ 1932 թվականին Կիմ Իր Սենը կազմակերպեց պարտիզանական ջոկատ, որը հետագայում վերաճեց Կորեայի ժողովրդա-հեղափոխական բանակի։
1936 թվականին ստեղծվեց Հայրենիքի վերածննդի ընկերություն կամ Հայրենիքի վերածննդի լիգա կազմակերպությունը, որի նպատակն էր ճապոնական տիրապետության վերացումը, անկախ, դեմոկրատական կորեական պետության, ժողովրդական կառավարության ստեղծումը ևն։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Կորեայում մեծ չափեր ընդունեց դիմադրության շարժումը։ Սովետական բանակի և Կորեայի հեղափոխական բանակի կողմից Կորեայի ազատագրվելուց հետո (1945 թվականի օգոստոս) վերստեղծվեց կոմունիստական կուսակցությունը։ 1945 թվականի օգոստոս-սեպտեմբերին ստեղծվեցին ժողովրդավարական իշխանության օրգաններ՝ քաղաքական ժողովրդական կոմիտեներ և պետական իշխանության նախապատրաստման կոմիտեներ։ 1945 թվականի սեպտեմբերին Հարավային Կորեա մտած ԱՄՆ-ի զորքերը, դաշնակցային պայմանագրերի հիման վրա (Յալթա, 1945 թվականի փետրվար, Պոտսդամ, 1945 թվականի հուլիս-օգոստոս և այլն), Հարավային Կորեայում, ինչպես սովետական զորքերը Հյուսիսային Կորեայում, պետք է ընդունեին ճապոնական զորքերի կապիտուլյացիան և աջակցեին դեմոկրատական ուժերին՝ ստեղծելու անկախ, դեմոկրատական պետություն։ Սակայն ամերիկյան իշխանությունները ձգտում էին խոչընդոտ հարուցել Հարավային Կորեայում սկսված ժողովրդա-դեմոկրատական հեղափոխությանը։ Հեղափոխությունը հաջողությամբ զարգանում էր Հյուսիսային Կորեայում։ 1945 թվականի հոկտեմբերի 10-ին ստեղծվեց Կորեայի հյուսիսային կորեական Կազմբյուրո։ 1946 թվականի փետրվարին ստեղծվեց Հյուսիսային Կորեայի ժողովրդական ժամանակավոր կոմիտե՝ ժողովրդական իշխանության բարձրագույն մարմինը։ 1946 թվականի մարտի 23-ին հրատարակվեց կոմկուսի քաղաքական ծրագիրը՝ 20 կետից։ Կարճ ժամանակում իրականացվեցին արմատական դեմոկրատական վերափոխումներ. անցկացվեց հողային ռեֆորմ, ոչնչացվեց կալվածատիրական հողատիրությունը, ազգայնացվեց արդյունաբերությունը են։ 1946 թվականին ստեղծվեց Միասնական դեմոկրատական ազգային ճակատ (ՄԴԱՃ)։
1946 թվականի օգոստոսին կոմկուսի և Նոր ժողովրդական կուսակցության (հիմնվել էր 1946 թվականի փետրվարին) միավորման հետևանքով կազմվեց Հյուսիսային Կորեայի աշխատանքային կուսակցությունը։ 1948 թվականի փետրվարին կազմավորվեց Կորեական ժողովրդական բանակը։ Կոմունիստական ուժերը միասնական, «դեմոկրատական» Կորեա ստեղծելու համար մղվող պայքարում հենվում էին ԽՍՀՄ բազմակողմանի օգնության վրա։ 1948 թվականի մայիսին, ի հեճուկս հյուսիսի, Հարավային Կորեայում անցկացվեցին ընտրություններ, օգոստոսին ստեղծվեց, այսպես կոչված, Կորեական Հանրապետությունը, որի գլուխ կանգնեցին հակակոմունիստական տարրերը՝ Լի Սին Մանի գլխավորությամբ։ 1948 թվականի օգոստոսին տեղի ունեցան Գերագույն ժողովրդական ժողովի ընտրություններ։ Գերագույն ժողովրդական ժողովը մշակեց ժողովրդա-դեմոկրատական պետության սահմանադրություն, հռչակեց Կորեայի ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության (ԿԺԴՀ) ստեղծումը (1948 թվականի սեպտեմբերի 9)։ Կազմվեց կառավարություն՝ Կիմ Իր Սենի գլխավորությամբ։ ԿԺԴՀ-ի կառավարությունը իր ամենակարևոր խնդիրն է համարում երկրի խաղաղ միավորումը՝ դեմոկրատական սկզբունքների հիման վրա։
Գիտություն և գիտական հիմնարկներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կորեան Արևելքի հնագույն քաղաքակիրթ երկրներից է։ Հնուց ի վեր Կորեայում զբաղվել են աստղագիտական և օդերևութաբանական դիտումներով, զարգացել է շինարարական տեխնիկան։ 632-647 թվականներին Սիլլա պետության մայրաքաղաք Կյոնջուի մոտակայքում կառուցվել է Արևելյան Ասիայի հնագույն աստղադիտարանը (Չխոմսոնդե աշտարակը)։ 718 թվականին Կորեայում ստեղծվել է ջրի ժամացույցը։ 682 թվականին Միլլայում բացվել է «Կուկխակ» պետական ուսումնարանը, որտեղ 717 թվականից դասավանդվել է բժշկագիտություն և մաթեմատիկա, իսկ 794 թվականից՝ աստղագիտություն։ 11-13-րդ դարերում Կորեայում լայն տարածում է գտել ճենապակե իրերի արտադրությունը։ 1234-1241 թվականներին սկսել են կիրառել մետաղե տպատառեր, որոնք կատարելագործվել են 1434 թվականին։ 15-րդ դարի 2-րդ կեսին սկսել են զարգանալ կիրառական գիտությունները։ «Գիրք հողագործության մասին» աշխատությունում կորեացի գիտնականներն ընդհանրացրել են իրենց ժամանակի գյուղատնտեսական գիտելիքները։ Օդերևութաբանական դիտումների համար 1441 թվականից օգտագործվել է անձրևաչափը։ Յան Մոն Ջին և ուրիշներ կազմել են Կորեայի աշխարհագրական քարտեզը (1451)։ Զարգացել է նաև բժշկագիտությունը, 1445 թվականին հրատարակվել է բժշկական հանրագիտարան։ 15-17-րդ դարերում ստեղծվել են բնագիտական կարևոր աշխատություններ, որոնցից է 55 գրքով հրատարակված հանրագիտարանը՝ նվիրված Արևելյան պետության տեսարժան վայրերին (1487)։ 15-16-րդ դարերում Կորեայում խոշոր հաջողությունների հասավ ռազմական տեխնիկան։ Ռազմանավերի և հրետանային զենքի կառուցվածքի կատարելագործմամբ աչքի ընկավ ծովապետ Լի Մուն Սին (16-րդ դար)։ Նրա նախագծով կառուցվել է թնդանոթով և զանազան հարմարանքներով զինված մարտական նավ։ Արտաքին քաղաքական մեկուսացումը (17-19-րդ դարերի 2-րդ կես) որոշ չափով արգելակեց Կորեայի տնտեսական և մշակութային զարգացումը, սակայն նույնիսկ այդ շրջանում շարունակվում էին բնագիտական և տեխնիկական հետազոտությունները։ 19-րդ դարի 2-րդ կեսին բնագիտական միտքը Կորեայում նորից աշխուժացում ապրեց։ Ճանաչում ստացան Նամ Բյոն Գիլի և Նամ Բյոն Չհոլի աշխատությունները մաթեմատիկայի և աստղագիտության բնագավառում, Կիմ Ջոն Հոյի հետազոտություններն աշխարհագրության վերաբերյալ։ Վերջինս կազմեց Կորեայի մանրամասն քարտեզը(1861)։ Բնագիտության զարգացման համար մեծ նշանակություն ունեցան Հոն Դե Ցոնայի, Լի Սուն Գվանի և այլոց աշխատանքները, որոնք վերաբերում էին բազմազան խնդիրների և հիմնականում հանրագիտական բնույթ ունեին։ Կորեայի ազատագրումից (1945) հետո Հյուսիսային Կորեայում բարենպաստ պայմաններ ստեղծվեցին գիտության զարգացման համար։ 1946 թվականին Փխենյանում բացվեց Կիմ Իր Սենի անվան պետական համալսարանը։ 1947 թվականին աշխատանքն սկսեցին գիտական առաջին հիմնարկները։
Փիլիսոփայություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կորեայի փիլիսոփայությունը միահյուսված է եղել կրոնական մտածողության հետ և ընդհուպ մինչև 15-րդ դարում զարգացել է բուդդայականության, կոնֆուցիականության, դաոսիզմի պատմական տարբեր ձևերում։ 16-17-րդ դարերում ձևավորվել է Կորեայի ամենախոշոր իդեալիստական՝ Չժու Սիի հետևորդների դպրոցը՝ սոննիհակը կամ լիհակը (Լի Խվան, Լի Ի, Կիմ Ին, Խու)։ Մատերիալիստական ավանդույթների ներկայացուցիչներն էին Կիմ Սի Սիպը և Սո Գյոն Դոկը։ 17-րդ դարում չին փիլիսոփա Վան Յան Մինի կորեական հետևորդները հակադրվել են նեոկոնֆուցիականությանը։ Իմ Սոն Ջուն (18-րդ դար) արտահայտել է «կի» նյութական նախահիմքի առաջնության գաղափարը, նրա ուսմունքը շարունակել է Չխվե Խան Գին (19-րդ դար)։ 17-19-րդ դարերում հասարակական մտքի մատերիալիստական ավանդույթների զարգացման բնագավառում նշանակալի ներդրում են ունեցել սիրխակ փիլիսոփայական և սոցիոլոգիական շարժման ներկայացուցիչները։ 18-րդ դարի վերջին -19-րդ դարի սկզբի կեսին փորձ է կատարվել ամրապնդել նեոկոնֆուցիականությունը (Կի Ջոն Ջին)։ Տոնխակի աղանդի կրոնական ուսմունքը բովանդակում էր պանթեիստական տարրեր և մարդկանց համընդհանուր հավասարության իդեալը։ Արտասահմանի հետ կապեր հաստատելու ընթացքում Կորեա են թափանցում Արևմուտքի սոցիալ-քաղաքական ուսմունքները։ 1919 թվականի ապստամբությունից հետո տարածվել են մարքսիզմ-լենինիզմի գաղափարները։ Ճապոնական գաղութային տիրապետությունից Կորեայի ազատագրումից հետո մարքսիզմլենինիզմի գաղափարները տիրապետող դարձան Հյուսիսային Կորեայում։
Տնտեսագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կորեայում հասարակական-տնտեսագիտական միտքը սաղմնավորվել է մոտ 2 հզ. տարի առաջ։ Պատմական աղբյուրները վկայում են, որ մ. թ. ա. 4-7-րդ դարերում կորեացի գիտնականները զբաղվում էին հասարակական պրոցեսների ուսումնասիրությամբ։ Նրանց տնտեսագիտական հայացքների վրա ակներև էր բուդդայականության, կոնֆուցիականության և դաոականության ազդեցությունը։ Ֆեոդալական Կորեայի տնտեսական զարգացման գլխավոր պրոբլեմը ագրարային հարցն էր։ Առաջ էր քաշվում ֆեոդալական խոշոր սեփականության սահմանափակման և կենտրոնացված (պետ.) հողասեփականության ամրապնդման (Կիմ Բու Սիկ), շահագործվող դասակարգերի դրության բարելավման (Չոն Դո Ջոն, Լի Ի) գաղափարը։ Մեծ էր «սիրհակ» դպրոցի ներկայացուցիչների (Լյու Հյոն Վոն, Պակ Չի Վոն, Չոն Յակ Յոն և ուրիշներ) հայացքների ազդեցությունը։ Դրանք արտահայտում էին առաջադեմ ազնվականության, գյուղացիության և քաղաքի չքավորության շահերը։ 19-րդ դարի վերջին քառորդում ձևավորված ազնվական-լուսավորիչների խմբի («ռեֆորմատորների կուսակցություն») ծրագրում առաջ էր քաշվում երկրի սոցիալ-տնտեսական իրականության և պետության կառուցվածքի բուրժուական վերափոխումների (միապետության պահպանմամբ) պահանջը։ 19-րդ դարի վերջում-20-րդ դարի սկզբում կազմավորվեց տնտեսագիտական մտքի բուրժուա-լուսավորական ուղղությունը, որն ուներ մշակութային-հայրենասիրական բնույթ։ Սակայն Կորեայի գաղութացման շրջանում այն ջախջախվեց և վերածվեց բուրժ. ազգային ռեֆորմատորական չափավոր շարժման։ Մարքսիզմ-լենինիզմի գաղափարները Կորեայում տարածվել են Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության հաղթանակից և հակաճապոնական ապստամբությունից (մարտի 1, 1919) հետո։ 1930-ական թվականներին մարքսիստական տնտեսագիտական հայացքներն արտահայտվեցին կոմունիստների մշակած հակաճապոնական ազգային-ազատագրական պայքարի ծրագրում։ 1945 թվականից մարքսիստական տնտեսագիտությունը զարգանում է Հյուսիսային Կորեայում։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչև 19-րդ դարի վերջը Կորեայի գրականությունը երկլեզվյան էր՝ խանմուներեն և կորեերեն։ Կորեերեն գրականության հնագույն նմուշները մինչև 15-րդ դարի կեսերը չինական ձևափոխված հիերոգլիֆներով գրառված 25 ոչ մեծ բանաստեղծություններ են՝ խյանգաներ («հայրենի երկրի երգեր»), որոնք ստեղծվել են 7-11-րդ դարեր։ Կորեական այբուբենով առաջին ստեղծագործությունն է «Ձոն երկինք թռչող վիշապին» (1445)։ 16-17-րդ դարերի գրականության մեջ տիրապետել է բնանկարային քնարերգությունը։ Իմդինյան ազատագրական պատերազմի (1592-1598) անմիջական արտահայտությունն էր Պակ Ին Նոյի (1561-1642) հայրենասիրական քնարերգությունը։ Կորեերեն պոեզիան ամփոփվել է «Կանաչ լեռների Երկրի անթառամ խոսքեր» (մոտ 1727) և «Ծովից արևելք ընկած Երկրի երգեր» (1763) անթոլոգիաներում։ Սիրային լիրիկան ծաղկման է հասել Սին Ջե Հյոյի (1812-1884) ստեղծագործության մեջ։ 17-19-րդ դարերում տարածված է եղել կորեերեն պատմվածքը՝ սոսոլը։ Այս շրջանում են ստեղծվել հերոսական էպոպեան՝ «Իմդինյան ժամանակագրություն»-ը (17-րդ դար), Խո Գյունի (1569—1618) «Պատմություն Խոն Գիլ Դոնի մասին», «Պատմություն Սիմ Չխոնի մասին» (18-րդ դար), «Պատմություն նապաստակի մասին» (18-րդ դար) գործերը։ Երևան են գալիս ազգային վեպեր (Կիմ Ման Ջուն, 1637-1692, «Իննի մշուշային քունը» և այլն)։ Խանմուներենով պոեզիայի վերջին ներկայացուցիչներից են Չոն Յակ Յոնը (1762-1836), Կիմ Սակկատը (1807-1864) և ուրիշներ։ Լի Ին Ջիկի (1862-1916) և Լի Խե Ջոյի (1869-1927) կուլտուր-լուսավորական գաղափարներով տոգորված վեպերը նշանավորել են նոր արձակի շրջանը։ Ժամանակակից կորեական նովելի կազմավորման գործում մեծ դեր են խաղացել գրող և բուրժ. նացիոնալիզմի գաղափարախոս Լի Գվան Սուն (1892-1951), նատուրալիստ-գրողներ Յոմ Սան Սոպը (1897-1963) և Կիմ Դոն Ինը (1900-1951)։ Ճապոնիայի կողմից Կորեայի բռնագրավումը (1910) ժամանակավորապես կասեցրեց կորեական գրականության զարգացումը։ 1919 թվականի ապստամբության ճնշումից հետո տարածում ստացան զանազան անկումային ուղղություններ։ Միաժամանակ մարքսիզմի ազդեցությամբ ձևավորվեց պրոլետարական գրականությունը։ Վերջինիս նախակարապետը եղավ այսպես կոչված նոր ուղղության դպրոցը (սինգյոնխյանփհա), որի ներկայացուցիչներն են բանաստեղծ Լի Իք Սանը (1895-1932), նովելագիր Չխվե Սո Խե (1901-1932) և ուրիշներ։ 1925 թվականին ստեղծվել է պրոլետարական արվեստի Կորեական ֆեդերացիան (արձակվել է 1935 թվականին), որի մեջ մտել են արձակագիրներ Սոն Յոնը (ծն. 1903), Լի Գի Յոնը (ծն. 1895), Չո Մյոն Խին (1894-1942), Լի Բուկ Մյոնը (ծն. 1908), բանաստեղծներ Լի Սան Խվան (1900-1943), Պակ Սե Յոնը (ծն. 1902), Պակ Փհար Յանը (ծն. 1905)և ուրիշներ։ Այդ ժամանակ երևան եկան Լի Գի Յոնի և կին գրող Կան Դյոն Էի ռեալիստական վեպերը։
Ճարտարապետություն և կերպարվեստ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նոր քարի դարից պահպանվել են կավածեփ կիսագետնատների մնացորդներ, կավե անոթներ։ Ճապոնիայի արվեստի վրա ազդած և իր հերթին Չինաստանից ազդված Կորեայի բարձր գեղարվեստական մշակույթը, ըստ երևույթին, կազմավորվել է մեր դարաշրջանի սկզբին երեք պետությունների (Կոգուրյո, Պեկչե, Սիլլա) ժամանակ։ Կոգուրյո պետության տարածքում պահպանվել են 3-7-րդ դարի դամբարաններ (Անակայում, Փխենյանի մոտ), որոնց պատերն ու առաստաղը ծածկված են որմնազարդերով (կենցաղային տեսարաններ, դիմանկարներ ևն)։
Սիլլա պետության տարածքում պահպանված հուշարձաններից է Կյոնջուի մոտակայքի հսկա շշի ձևով, գրանիտե բլոկներից շարված Չխոմսոնդե աստղագիտական աշտարակը (7-րդ դար)։ Այդ շրջանի դեկորատիվ արվեստի նմուշներից են անջնարակ կավե անոթները, մետաղյա կերտվածքները (բրոնզե հայելիներ, ոսկե թագեր ևն), զարդապատ աղյուսները։ Սիլլա պետության կազմում Կորեայի միավորումը նպաստել է մշակույթի նոր վերելքին։ Կառուցվել են քաղաքներ (այդ թվում՝ Կյոնջու մայրաքաղաքը)։ Բուդդայականության տարածումով (Սիլլայի պետական կրոնն էր) կառուցվել են քարե տաճարային անսամբլներ և պագոդաներ [Սոկկուրամ քարանձավային տաճարը (742-764), Պուլգուկսա համալիրը (751, վերակառուցվել է 1350 թվականին), Տաբոտհապ (751) և Սոկկատհատ (761) պագոդաներով՝ բոլորն էլ Կյոնջուի մոտակայքում։ 7-10-րդ դարի քանդակները կերտվել են Հնդկաստանի և Չինաստանի բուդդայական քանդակագործության կանոններով՝ կերպարներն օժտելով առանձնահատուկ ներշնչվածությամբ և ձևերի նորությամբ։ Այդ ժամանակի դեկորատիվ-կիրառական արվեստը բազմազան է՝ քարի, մետաղի մշակում, մետաքսագործություն, լաքի կերտվածքներ, բամբուկի մանրաթելի հյուսում ևն։ Կորյո պետության դարաշրջանում (918-1392) կառուցվել են բարդացված ձևերով պագոդաներ (Հանսոնի (այժմ՝ Սեուլ) Պոպչըխոնսա տաճարի Խյոնմյոտհապ պադոգան, 1085), այլ պաշտամունքային (Անբյոնա շրջանի Սոգվանսի մենաստանը, 1386, քանդվել է 1950-1953 թվականներին) և աշխարհիկ (Մանվոլդե իշխանների պալատը Մոնդոյում (այժմ՝ Կեսոն), 918, քանդվել է 1361 թվականին) շինություններ։
Նշանակալից չափով զարգացել է մոնումենտալ քանդակագործությունը, փաթեթների վրա տուշով և ջրաներկերով գեղանկարչությունը։ Ծաղկման են հասել քարե և ճենապակյա կերտվածքները։ Լի դինաստիայի օրոք (1392-1910) ստեղծվել են պալատների հոյակապ անսամբլներ (Կյոնբոկկունը Հանսոնում, 1394, քանդվել է 16-րդ դարում, վերականգնվել 19-րդ դարում, կրկին կործանվել 1950-1953 թվականներին)։ Պաշտամունքային կառույցներից շքեղությամբ աչքի են ընկնում Թխոնդոսի մենաստանը (16-րդ դար, Կյոնսան Նամդո գավառում), Վոնգակսա մենաստանի պագոդան Հանսոնում (1467)։ Կորեայի ժողովրդական բնակարանները քարից, կավից, փայտից պատրաստված ցածր, միհարկանի տներ են, հատակի տակ ինքնատիպ ջեռուցման համակարգով («օնդոլ»)։ Կերպարվեստի զարգացման գործում նշանակալի դեր է խաղացել 16-րդ դարում պալատին կից կազմակերպված Տոխվասո հաստատությունը, որը ծառայել է որպես գեղանկարչության ակադեմիա։ 15-16-րդ դարերի խոշոր բնանկարիչներից են Ան Գյոնը, Կան Խի Անը, Կիմ Սիկը, Չոն Սոնը, կենցաղագիր Յուն Դու Սոն, «ծաղիկներ-թռչուններ» ժանրի վարպետ Լի Ամը։ 18-րդ դարում գործել են դեմոկրատական ուղղության կենցաղագիրներ, բնանկարիչներ, դիմանկարիչներ Կիմ Խոն Դոն, Կիմ Դիկ Սինը, Սին Յուն Բոկը, անիմալիստներ Սիմ Սա Ջոնը, Պյոն Սան Բյոկը։ Ավանդական «ծաղիկներ-թռչուններ» ժանրի 19-րդ դարի նշանավոր վարպետներից են Չան Սին Օպը, Նամ Դե Ուն։ 19-րդ դարի վերջին աշխատել են նաև յուղաներկով։ 15-19-րդ դարերում շարունակվել է ճենապակու, խեցեղենի արտադրության կատարելագործումը։ Ճապոնական գաղութատիրության շրջանում (1910-1945) կառուցվել են եվրոպական և ճապոնական ճարտարապետության ազդեցությունը կրող շենքեր։ Այդ ժամանակ են աշխատել քանդակագործ Կիմ Բոկ Չինը [պրոլետարական արվեստի կորեական ֆեդերացիայի (1925-1935) առաջին ղեկավարներից] և այլ առաջադեմ արվեստագետներ, որոնք ճշմարտացիորեն են արտացոլել կորեական ժողովըրդի՝ անկախության համար մղած պայքարը։
Երաժշտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կորեական երաժշտության լադային կառուցվածքի հիմքը կազմում է դիատոնիկայի և քրոմատիզմի տարրերով պենտատոնիկան։ Ավանդական երաժշտական ձևերը կազմավորվել են մ.թ. 3-9-րդ դարերում։ Այդ շրջանի վերջում արքունիքին կից գոյություն են ունեցել երգչախմբային և գործիքային անսամբլներ։ Նշանակալից էր բազմաթիվ երաժշտական գործիքների (այդ թվում՝ կոմունգոյի՝ լյուտնյայի տիպի 6-լարանի կսմիթավոր նվագարան) ստեղծող Վան Սանակի (6-րդ դար) և երգիչ, 200-ից ավելի կոմպոզիցիաների հեղինակ, կայագիմ կսմիթավոր նվագարանի (գուսլիի տարատեսակներից) ստեղծող Ուրիկի (6-րդ դարի վերջ) գործունեությունը։ Ուրիկի աշակերտներից և հետնորդներից էին Կեգոն, Մանդոկը, Նիմունը (բոլորն էլ 6-րդ դար), Օկ Պո Գոն (8-րդ դար) և ուրիշներ։ 14-16-րդ դարերում մայրաքաղաքում հանդես են եկել մեծ նվագախմբեր ու երգչախմբեր, գործել են բազմաթիվ խոշոր երաժիշտներ։ Կորեայի երաժշտության զարգացման համար մեծ դեր է կատարել Պակ Յոնը (15-րդ դար), որը հիմնադրել է առաջին երաժշտական ուսումնական հաստատությունը, դասակարգել հին նվագարանները և հայտնի էր որպես պալատական և ժողովրդական երաժշտական ստեղծագործությունների կատարող։ 1432 թվականին ընդունվել է կանոնական պալատական նոր երաժշտություն, և ստեղծվել նոտագրության հատուկ համակարգ, որի շնորհիվ և պահպանվել են հնագույն մեղեդիները։ 1493 թվականին Սոն Խյոնը և ուրիշներ կազմել են «Երաժշտագիտության հիմունքներ» կորեական երաժշտական հանրագիտարանը։ 16-րդ դարի 2-րդ կեսից Կորեայի երաժշտական արվեստն անկում է ապրել։ Զարգացել են հիմնականում ժող. երգի ժանրերը։ 17-18-րդ դարերում երաժշտության վերածնունդը կապված էր պհանսորի ասերգի հետ (կատարողները՝ Խա Խան Դամ, Չխվե Սոն Դալ, Կվոն Սամ Դիկ)։
19-րդ դարի կեսին մշակվել է ձայնավարության համակարգ (ըստ պհանսորի մեղեդիների)։ 19-րդ դարի 2-րդ կեսին պհանսորից ծագել է չհանգիկ ժող. երաժշտական դրամայի ժանրը, որը հետագայում վերածվել է ազգային օպերայի։ Ստեղծողն էր Սին Ջե Խյոն։ Այդ շրջանի նշանավոր երաժիշտներից էին դիրիժոր Մուն Ջա Դոկը, կայագիմ նվագող Կիմ Ջան Ջոն։ 20-րդ դարի սկզբից հետզհետե մուտք է գործել եվրոպական երաժշտությունը։ 1910 թվականից ճապոնական գաղութատիրությունն արգելակ ել է կորեական երաժշտական արվեստի զարգացումը (մինչև 1945 թվականը)։
Թատրոն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կորեայի տոնական ծեսերն ու խաղերը պարունակել են դրամատիկական գործողության տարրեր։ Երեք պետությունների ժամանակաշրջանում ձևավորվել է դիմակով պարի արվեստը՝ թհալչհումը։ 14-15-րդ դարերում ծնունդ են առել կամյոնգիկ դիմակների ժողովրդական թատրոնը և ինհյունգիկ տիկնիկների թատրոնը։ Միջին դարերում ժողովրդական թատրոնի կազմավորմանը նպաստել է կվանդեների (հիսարիոնների) գործունեությունը, որոնց հետ է կապված պհանսորի ժանրի զարգացումը։ Կորեական պրոֆեսիոնալ թատրոնը սկզբնավորվել է 19-րդ դարում և կապված է Մին Ջե Իյոյի անվան հետ։ 1911 թվականին հիմնադրվել է «Լսյոկսինդան» («Բարեփոխումների թատերախումբ») թատրոնը։ Ճապոնիայում սովորող կորեացի ուսանողները 1921 թվականին կազմակերպել են «Դրամատիկական արվեստի միություն»-ը։ 1930 թվականին Փխենյանում ստեղծվել է «Մաչխի» («Մուրճ») պրոլետ. թատրոնը, Տեգուում՝ «Փողոցային թատրոնը», 1931 թվականին Կեսոնում՝ «Մասսայական թատրոնը», 1932 թվականին Մասանում՝ «Դրամատիկ արվեստի ընկերությունը», Փխենյանում՝ «Ապագայի թատրոնը» են։ Ճապոնական գաղութատիրության օրոք ազգային թատրոնների գործունեությունը սահմանափակվել է, ենթարկվել խիստ գրաքննության։
Կինոն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին ֆիլմը նկարահանվել է 1921 թվականին։ 1920-ական թվականների 2-րդ կեսին նկարահանվել են ժողովրդի ծանր կյանքը պատկերող ֆիլմեր («Թափառաշրջիկը», 1927, «Մռայլ ուղի», 1928 են)։ Ռեժիսոր, սցենարիստ և դերասան Ուն Գյուի ֆիլմերը («Արիրան», 1926, «Սիրո որոնումներ», 1928) արտահայտել են բողոք գաղութատիրական լծի և սոցիալական անարդարությունների դեմ։ 1930-ական թվականների կեսերից մինչև 1940-ական թվականների սկիզբը Կորեայի կինեմատոգրաֆիան, լինելով ճապոնացիների հսկողության տակ, չի զարգացել, ցուցադրվել են գլխավորապես գերմանական, իտալական, ճապոնական ֆիլմեր։
Կորեական Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետություն. Ընդհանուր տեղեկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]ԿԺԴՀ-ն սոցիալիստական պետություն է, գտնվում է Կորեա թերակղզու հյուսիսային մասում, մասամբ՝ Եվրասիա մայր ցամաքում։ Տարածությունը 121,2 հզ. կմ² է, բնակչությունը՝ մոտ 17 միլիոն (1978)։ Պետական լեզուն կորեերենն է, մայրաքաղաքը՝ Փխենյանը։ Բաժանված է 9 նահանգի։ Փխենյան, Չհոնջին, Խամխին, Կեսոն կենտրոնական ենթակայության քաղաքները առանձնացված են որպես հատուկ վարչական միավորներ և հավասարեցված պրովինցիաների։
Պետական կարգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գործող սահմանադրությունն ընդունվել է 1972 թվականին։ Պետական իշխանության բարձրագույն և միակ օրենսդական մարմինը միապալատ Գերագույն ժողովրդական ժողովն է (Գժժ), նստաշրջանների միջև ընկած ժամանակամիջոցում՝ նրա Մշտական խորհուրդը։ Գժժ ընտրվում է համընդհանուր, ուղղակի, հավասար և գաղտնի ընտրությունների միջոցով՝ 4 տարի ժամկետով։ Ընտրական իրավունքից օգտվում են 17 տարեկան դարձած բոլոր քաղաքացիները։ Պետական իշխանության բարձրագույն ղեկավար մարմինը՝ Կենտրոնական ժողովրդական կոմիտեն, գլխավորում է նախագահը։ Պետական իշխանության բարձրագույն վարչական գործադիր մարմինը Վարչական խորհուրդն է՝ պրեմիերի գլխավորությամբ։ Իշխանության տեղական մարմինները կենտրոնական ենթակայության նահանգների ու քաղաքների, նահանգական ենթակայության գավառների, քաղաքների, շրջանների ժողովրդական ժողովներն են։ Կորեայում արդարադատությունն իրականացնում են՝ կենտրոնական դատարանը, նահանգական, քաղաքների կենտրոնական ենթակայության և հատուկ դատարանները (զինվորական տրիբունալները)։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1961—1970 թվականներին բնակչության միջին տարեկան աճը կազմել է 2,6%։ 1970 թվականին ժողտնտեսության մեջ զբաղված էր մոտ 6 միլիոն մարդ, արդյունաբերության մեջ՝ ավելի քան 30% ը, գյուղատնտեսության մեջ՝ մոտ 40% ը։ Առավել խիտ է բնակեցված Հվանհե-Նամդո պրովինցիան։ 1963 թվականին քաղաքային բնակչությունը 45% էր 1953 թվականի 18%ի դիմաց։ Մեծ քաղաքներն են Փխենյանը, Չհոնջինը, Խամխինը, Սինիյջուն, Վոնսանը, Կեսոնը, Կիմ-Չհեկը, Խիննամը։
Պատմական ակնարկ
[խմբագրել | խմբագրել կոդը]ԿԺԴՀ ստեղծվել է 1948 թվականին, ամբողջ կորեական ժողովրդի ազատ կամքով՝ համակորեական ընտրությունների հիման վրա։ 1949 թվականին ընդունվել է ժողովրդական տնտեսության զարգացման երկամյա պլանը, որը նախատեսում էր ժողովրդական տնտեսության վերականգնում և հետագա զարգացում։ 1949 թվականի հունիսին Հյուսիսային և Հարավային Կորեաների աշխատանքային կուսակցությունների միացյալ պլենումում ստեղծվեց Կորեայի աշխատանքային կուսակցությունը (ԿԱԿ), որը գլխավորեց քաղաքական և տնտեսական շինարարությունը։ Նույն թվականին ստեղծված Միացյալ դեմոկրատական հայրենական ճակատը (ՄԴՀՃ) հանդես եկավ երկու Կորեաների խաղաղ միավորման առաջարկությամբ։ Սակայն հարավ-կորեական իշխանությունները մերժեցին և 1950 թվականի հունիսի 25-ին պատերազմ սանձազերծեցին ԿԺԴՀ-ի դեմ։ ԱՄՆ-ը միջամտեց կորեական ներքին կոնֆլիկտին, ինտերվենցիային, որն իրականացվում էր «ՄԱԿ-ի զորքերի» ցուցանակով, մասնակցում էին մի շարք այլ երկրներ։ Զորքերի կեսից ավելին ամերիկյան էր։ Կորեական ժողովրդի (որին օգնում էին ԽՍՀՄ-ը, ՉԺՀ և սոցիալիստական մյուս երկրները) 1950—1953 թվականների Հայրենական ազատագրական պատերազմն ավարտվեց 1953 թվականի հույիսի 23-ի զինադադարով։
Պատերազմը մեծ վնաս հասցրեց երկրի ժողովրդական տնտեսությանը։ Ետպատերազմյան ժամանակաշրջանում ԿԺԴՀ-ի աշխատավորները, սոցիալիստական երկրների օգնությամբ, ոչ միայն բուժեցին պատերազմի հասցրած վերքերը, այլև էապես ամրապնդեցին հանրապետության նյութատեխնիկական բազան։ 1958 թվականի վերջին ավարտվեց քաղաքի և գյուղի սոցիալիստական վերափոխումը։ ԿԱԿ-ի 5-րդ համագումարը (1970 թվականի նոյեմբեր) արձանագրեց, որ ԿԺԴՀ վերածվել է սոցիալիստական ինդուստրիալ պետության, որի արդյունաբերությունը տալիս է համախառն արտադրանքի 3/4-ը։ Համագումարը հաստատեց ժող. տնտեսության զարգացման 6-ամյա (1971—1976) պլանը, որը կատարվեց ժամկետից շուտ։ Սոցիալիզմի նվաճումները օրենսդրորեն ամրապնդվեցին ԿԺԴՀ-ի նոր սահմանադրությամբ (1972 թվականի դեկտեմբերի 27)։ ԿԺԴՀ հետևողականորեն պայքարում է օտարերկրյա բոլոր զորքերը Հարավային Կորեայից դուրս բերելու և երկիրն առանց արտաքին միջամտության, դեմոկրատական հիմունքներով, խաղաղ կերպով միավորվելու համար։
1976 թվականին ԿԺԴՀ դիվանագիտական հարաբերություններ էր պահպանում 92 պետության հետ։ 1973 թվականից մշտական դիտորդներ ունի ՄԱԿ-ի շտաբ-կայանում և ՄԱԿ-ի քարտուղարության եվրոպական գրասենյակում (Ժնև)։
Քաղաքական կուսակցությունները, արհմիությունները և այլ հասարակական կազմակերպությունները
[խմբագրել | խմբագրել կոդը]Կորեայի աշխատանքային կուսակցություն (ԿԱԿ), ստեղծվել է 1945 թվականին, մինչև 1946 թվականը կոչվել է Կորեայի կոմունիստական կուսակցություն։ Դեմոկրատական կուսակցություն, ստեղծվել է 1945 թվականին։ Չխոնդոգյո Չխոնուդան կուսակցություն, ստեղծվել է 1946 թվականին։ Միացյալ դեմոկրատական հայրենական ճակատ (ՄԴՀՃ), ստեղծվել է 1949 թվականին։ Ընդգրկում է 70-ից ավելի քաղաքական կուսակցություններ և հասարակական կազմակերպություններ։ ՄԴՀՃ-ի մեջ ղեկավարող ուժը ԿԱԿ-ն է։ Կորեայի միացյալ արհմիություններ, ստեղծվել է 1945 թվականին, մտնում է ԱՀՖ-ի մեջ, ունի 2,4 միլիոն անդամ։ Կորեայի գյուղատնտեսության աշխատավորների միություն, ստեղծվել է 1965 թվականին, ունի 2,6 միլիոն անդամ։ Կորեայի սոցիալիստական աշխատավոր երիտասարդության միություն, ստեղծվել է թվականին, ունի 2,7 միլիոն անդամ։ Կորեայի դեմոկրատական կանանց միություն, ստեղծվել է 1945 թվականին, ունի ավելի քան 2,7 միլիոն անդամ։ Կորեա-սովետական բարեկամության ընկերություն, ստեղծվել է 1945 թվականին։
Տնտեսա-աշխարհագրական ակնարկ
[խմբագրել | խմբագրել կոդը]ԿԺԴՀ Ժողովրդական իշխանության տարիներին գաղութային հետամնաց երկրից դարձել է ինդուստրիալ պետություն։ Կորեայի հյուսիսային մասում սոցիալ-տնտեսական վերափոխումը (հողային ռեֆորմը և արդյունաբերության ազգայնացումը 1946 թվականին, գյուղատնտեսական կոոպերացումը 1953—1958 թվականներին) հանգեցրեց արտադրողական ուժերի արագ վերելքին։ Սոցիալիզմի նյութատեխնիկական բազայի ստեղծումից հետո արդյունաբերական արտադրանքի միջին տարեկան աճը 1957—1970 թվականներին կազմում էր 19,1%, արդյունաբերության բաժինը ազգային եկամտում 1969 թվականին հասել էր 65%-ի։ 1976 թվականին ավարտվել է Անջու և Հարավային Չհոնջին նոր քաղաքների կառուցումը։
Արդյունաբերություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1970 թվականին արդյունաբերական արտադրանքի ծավալը 21 անգամ գերազանցել է 1949 թվականի մինչպատերազմյան մակարդակը։ Փոխվել է արդյունաբերության կառուցվածքը։ Ժողովրդական իշխանության տարիներին ստեղծվել են մեքենաշինություն, օրգ. քիմիայի ճյուղեր, շինանյութերի արդյունաբերություն, աճել է էներգետիկ տնտեսությունը։ Լեռնահանքային արդյունաբերությունը ներկայացված է անտրացիտի (90%-ը տալիս է Հյուսիսային ավազանը), գորշ ածխի (2/3-ը՝ Տումանգանի ավազանը), երկաթի (Մուսան), կապարի-ցինկի (Կոմդոկ), վոլֆրամի (Մաննյոն, Կյոնսու), պղնձի (Կապսան), ոսկու և արծաթի (Սոնհին, Հոլդոն, Սուան) արդյունահանությամբ։
Արդյունահանվում են նաև մանգանի, քրոմի, կոբալտի և մագնեզիտի հանքանյութեր, ամորֆ գրաֆիտ ևն։ Հիդրոէներգետիկ ռեսուրսները տալիս են էլեկտրաարտադրանքի 75%-ը։ Ամնոկկան գետի ավազանում ստեղծված հիդրոէներգետիկ համալիրն ունի ավելի քան 2,5 միլիոն կվտ կարողություն։ Իրենց հզորությամբ նշանավոր են Փխենյանի (500 հզ. կվտ) և Պուկչհանի (600 հզ. կվտ) ՋԷԿ-երը։ Սև մետալուրգիան հիմնականում կենտրոնացած է Կորեայի հս-արևելքում (Չհոնջին, Կիմ-Չհեկ, Պուրյոն) և Տետոնգան գետի ստորին ավազանում (Սինհո, Սոննիմ, Կանսո)։ Գունավոր մետալուրգիայի կենտրոններն են Նամփհոն, Մունփհյոնը և Խամխինը։ Արդյունաբերության առաջատար ճյուղը մեքենաշինությունն է (հաստոցաշինություն, սարքաշինություն, ավտոմոբիլաշինություն, տրակտորաշինություն, նավաշինություն, լեռնահանքային, մետալուրգիական, քիմ. և գյուղատնտ. մեքենաշինություն, գործիքների արտադրություն, էլեկտրատեխնիկական արդյունաբերություն)։ Արդ. հիմնական հանգույցներն են Տեդոնգանի, Հյուսիս-Արևմտյան, Հյուսիսային և Արևելյան շրջանները։ Զարգացած է քիմիական արդյունաբերությունը։ Հիմնական կենտրոնը Խիննամն է։ Կան երկաթբետոնե կոնստրուկցիաների, ճենապակե-հախճապակե իրերի, աղյուսի, թաղանթանյութի-թղթի արտադրության և փայտամշակման, տեքստիլ, կոշկեղենի, սննդի ձեռնարկություններ։ Զարգացած է ձկնեղենի և ծովային մթերքների վերամշակման ու պահածոների արդյունաբերությունը։
Գյուղատնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1949-1970 թվականներին գյուղատնտեսական արտադրանքի ծավալը աճել է 2,5 անգամ։ Գյուղատնտեսական համախառն արտադրանքի 70% ը տալիս է երկրագործությունը, 30% ը՝ անասնապահությունը։ 1960 թվականին գյուղատնտեսական ամբողջ արտադրանքը տվել է սոցիալիստական սեկտորը։ Մշակովի հողերը գրավում են տերիտորիայի 16% ը, որի 1/3-ը (700 հզ. հա) ոռոգելի է։ Ցանքատարածությունների 2/3-ը զբաղեցնում են հացահատիկային (բրինձ, եգիպտացորեն, կորեկազգիներ), 1/5-ը՝ տեխ. (ներառյալ սոյան) կուլտուրաները, մնացած մասը՝ բանջարեղենը, կարտոֆիլն ու կերային կուլտուրաները։ ԿԺԴՀ սոյա արտադրող երկրներից է։ Աճեցնում են բամբակ, վուշ, ծխախոտ, շաքարի ճակնդեղ։ Ամենուրեք տարածված է բանջարաբուծությունը, Կեսոնի շրջանում՝ մարդարմատի (ժենշենի) մշակությունը։ Զարգացած է այգեգործությունն ու պտղաբուծությունը (130 հզ. հա)։ Հատուկ ուշադրություն է դարձվում անասնապահության, թռչնաբուծության և շերամապահության զարգացմանը։ Բնակչությունը սննդամթերքով ապահովելու գործում կարևոր դեր ունեն ծովամթերքների արդյունահանումն ու վերամշակումը։ Զարգացած է անտառատնտեսությունը (անտառածածկ է 9 միլիոն հա)։
Տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկաթուղիների երկարությունը ավելի քան 6 հզ. կմ է (որից 4 հզ. կմ՝ էլեկտրիֆիկացված), ավտոճանապարհներինը՝ 21 հզ. կմ-ից ավելի։ Նավարկելի են խոշոր գետերի ստորին հոսանքները։ Ծովային գլխավոր նավահանգիստներն են Չհոնջինը, Խիննամը, Վոնսանը, Նամփհոն։ Զարգանում է ավիահաղորդակցությունը։
Արտաքին տնտեսական կապերը
[խմբագրել | խմբագրել կոդը]1979 թվականին ԿԺԴՀ առևտրական կապերի մեջ է եղել ավելի քան 100 երկրի հետ։ Գլխավոր գործընկերներն են սոցիալիստական երկրները, հատկապես ԽՍՀՄ-ը։ 1949 թվականի մարտի 17-ի համաձայնագրով ԽՍՀՄ-ը ետպատերազմյան առաջին տասնամյակի ընթացքում ԿԺԴՀ-ի տնտեսության վերականգնման և նոր շինարարության համար անհատույց տրամադրել է 300 միլիոն ռոբլի։ ԽՍՀՄ-ի օգնությամբ վերականգնվել և կառուցվել են արդյունաբերական կոմբինատներ, գործարաններ, էլեկտրակայաններ և այլ ձեռնարկություններ։ Դրամական միավորը վոնան է։
Բժշկա-աշխարհագրական բնութագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծննդի և մահացության վերաբերյալ ճշգրիտ տվյալներ չկան։ Ներկայումս վերացվել են հատուկ վտանգավոր հիվանդությունները։ 1950—1953 թվականների պատերազմի ընթացքում Կորեան կորցրեց բուժկանխարգելիչ հիմնարկների 95,6%-ը։ 1964 թվականին կար 5,3 հզ. հիվանդանոց և պոլիկլինիկա (51,1 հզ. հիվանդանոցային մահճակալով)։ Հիվանդանոցային ցանցի վերակառուցմանը մեծ օգնություն են ցույց տվել սոցիալիստական երկրները 1967 թվականի վերջում Կորեայում աշխատել են 22,1 հզ. բժիշկ և բուժակ (չհաշված զինվորականը), 380 բնակչին՝ 1 բժիշկ։ Գործում են 3 (1964) բժշկական ինստիտուտ, ռազմաբժշկական ակադեմիա և բժշկական գիտությունների ակադեմիա։ Միջին բուժաշխատողներ են պատրաստում 7 տեխնիկումներ, մանկաբարձական 12 և բուժքույրական 58 դպրոց։
Ժողովրդական կրթությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ճապոնական օկուպացիայի տարիներին վարվել է կրթության և կորեական կուլտուրայի սահմանափակման քաղաքականություն։ Ազատագրվելուց (1945) հետո ԿԺԴՀ-ում ստեղծվել են 4-ամյա դպրոցներ, ուսուցումը տարվել է մայրենի լեզվով։ 1948 թվականին ԿԺԴՀ-ի կառավարությունը որոշում է ընդունել 1950 թվականից համընդհանուր պարտադիր տարրական 4-ամյա կրթության մասին։ 1958 թվականից բոլոր տիպի ուս. հաստատություններում ուսուցումը դարձել է ձրի։ 1958-1959 ուսումնական տարում ԿԺԴՀ-ում առաջին անգամ մտցվել է 7-ամյա պարտադիր կրթություն։ 1959 թվականին օրենք է ընդունվել տարրական (4 տարի), ոչ լրիվ միջնակարգ (3 տարի), տեխնիկական (2 տարի) և բարձրագույն տեխնիկական (2 տարի) դպրոցների մասին։ 1967-1968 ուսումնական տարում մտցվել է համընդհանուր պարտադիր 9-ամյա ուսուցում։
1967 թվականին ԿԺԴՀ ուներ բոլոր տեսակի 9165 դպրոց, այդ թվում՝ 4064 ժողովրդական, 3335 միջնակարգ, 467 բարձրագույն տեխնիկական։ 1973 թվականին օրենք է ընդունվել համընդհանուր 10-ամյա պարտադիր կրթության և միամյա նախադպրոցական դաստիարակության մասին։ Խոշոր բուհերն են. Կիմ Իր Սենի անվան պետական, Կիմ Զխեկայի անվան պոլիտեխնիկական (Փխենյանում), Խիննամի պոլիտեխնիկական, Վոնսանի գյուղատնտեսական ինստիտուտները։ Փխենյանում են գտնվում պետական կենար, (հիմն. 1945, 1,5 մլն կտոր գիրք), ԿԺԴՀ ԳԱ (1952, մոտ 2 միլիոն կտոր գիրք) գրադարանները, պատմության կենտրոնական (1928), Կորեական հեղափոխության (1948), ազատ ագրական պայքարի կենտրոնական (1953), ազգագրության (1956), նրբագեղ արվեստների կենտրոնական (1954) թանգարանները։
Գիտական հիմնարկներ
[խմբագրել | խմբագրել կոդը]ԿԺԴՀ-ում ստեղծվել են (1948 թվականից հետո) քիմիական կենտրոնական, լեռնային արդյունաբերության կենտրոնական, անասնաբուժական պետական գիտահետազոտական ինստիտուտները։ 1952 թվականին հիմնվել է ԿԺԴՀ ԳԱ, 1963 թվականին՝ գյուղատնտեսական գիտությունների, 1963 թվականին՝ բժշկական գիտությունների, 1964 թվականին՝ հասարակական գիտությունների ակադեմիաները։ Ստեղծվել են ռադիոէլեկտրոնիկայի, ավտոմատիկայի, միջուկային տեխնիկայի գիտական ինստիտուտներ և լաբորատորիաներ։ Գիտական հրատարակություններից են «Չայոն կվահակ», «Կվահակ սեգե», «Տեդժուն կվահակ» պարբերականները։
Տնտեսագիտությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]ԿԺԴՀ-ում տնտեսագիտական միտքը զարգացել է մի քանի ուղղությամբ, համակողմանիորեն ուսումնասիրվել է դասական ժառանգությունը, հրապարակվել են կորեացի մտածողների առավել արժեքավոր աշխատությունները, ընդհանրացվել վաղ, միջին և ուշ ֆեոդալիզմի, երկրի սոցիալ-տնտեսական պատմության ուսումնասիրությունները։ Մեծ ուշադրություն է հատկացվում սոցիալիզմի քաղաքատնտեսության պրոբլեմների մշակմանը, Կորեայի աշխատանքային կուսակցության տնտ. քաղաքականության, նաև ագրարային հարցերին, կոոպերատիվ սեփականության ամրապնդում ու զարգացում, գյուղատնտեսության կառավարման կատարելագործում, գյուղի ու քաղաքի էական տարբերությունների վերացում են։ Դրանք լուսաբանված են Կիմ Իր Սենի, նաև Հոն Դալ Սոնի, Սին Ջե Հոյի և մյուսների աշխատություններում։ Տնտեսական պրոբլեմների մշակմամբ զբաղվում են էկոնոմիկայի ու ժող. տնտեսության ինստիտուտները, Փխենյանի համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1945 թվականից հյուսիսային Կորեայում (1948 թվականից՝ ԿԺԴՀ) սկսել է կազմավորվել սոցիալիստական գրականությունը։ 1946 թվականից Կորեայի գրողները միավորվել են հյուսիսային Կորեայի գրականության և արվեստի գործիչների ասոցիացիայի մեջ։ Ժողովրդականություն է վայելել բանաստեղծ-հռետոր Չո Գի Չխոնը (1913—1951)։ Գյուղի դեմոկրատական վերափոխումներն են արտացոլված Չխվե Մյոն Իկի, Չխոն Սե Բոնի պատմվածքներում ու ակնարկներում, Լի Գի Յոնի «Հող» (1948—1960) վեպում։ 1950—1953 թվականների հայրենական ազատագրական պատերազմով է պայմանավորված հերոսական և հայրենասիրական թեմաների երևան գալը։ 1953 թվականին ստեղծվել է Կորեայի գրողների միությունը։ Ետպատերազմյան գրականության հիմնական թեման մնում է խաղաղ, ստեղծագործ աշխատանքը։ Պոեզիա են գալիս նոր ուժեր՝ Լի Խո Իլ, Պեկ Ին Ջուն և ուրիշներ։ Զարգանում է ժամանակակից վեպը (Յուն Սե Ջուն, Չխոն Սե Բոն, Օմ Խին Սոպ)։ 1960-ական թվականներին հայտնվեցին պատմական խոշոր կտավներ [Լի Գի Յոնի «Թումանգան գետը» (1954-1961), Պակ Սե Յոնի «Տայգայի պատմությունը» (1962 և այլն]։ 1960-ական թվականների վերջի-1970-ական թվականների սկզբի գրականության մեջ արտացոլված են սոցիալիստական շինարարության հաջողությունները։
Ճարտարապետություն և կերպարվեստ
[խմբագրել | խմբագրել կոդը]ԿԺԴՀ-ի կազմավորումից (1948) և 1950—1953 թվականների պատերազմից հետո մեծ թափ է առել քաղաքաշինությունը։ 1945—1953 թվականներին մշակվել է Փխենյանի գլխավոր հատակագիծը, վերականգնվել և վերակառուցվել են Խամխինը, Վոնսանը, Սարիվոնը, Կեսոնը, Նամփհոն և այլ քաղաքներ։ Երկրով մեկ ծավալվել է արդ. և հիդրոտեխնիկական կառույցների, հիվանդանոցների, դպրոցների, մշակույթի պալատների, կինոթատրոնների շինարարությունը։ Դրանց ստեղծմանը կորեական ճարտարապետներ Կիմ Ջոն Խիի, Լի Խյոնի, Պակ Իկ Խվանի, Սին Սուն Գյոնի և ուրիշների հետ մասնակցում են արտասահմանյան մասնագետներ։ 1950-ական—1960-ական թվականների սկզբի հասարակական շենքերի ճարտարապետության մեջ խորապես դրսևորվել է կորեական միջնադարյան ճարտարապետության ձևերի օգտագործման միտումը (Փխենյանի մեծ թատրոն, 1960)։ 1960-ական թվականների 2-րդ կեսից կիրառվում են շինարարական նոր կոնստրուկցիաներ և նյութեր, ստեղծվում են ճարտարապետական ձևերի պարզ ու լակոնիկ, ռացիոնալ նախագծմամբ աչքի ընկնող կառույցներ (Կիմ Իր Սենի անվ. պետ. համալսարանը, 2-րդ հերթ, 1972)։ Գեղարվեստի ազգային ավանդույթների (այդ թվում՝ տուշով և ջրաներկով գեղանկարչության) վերածննդին ու լայն զարգացմանը նպաստել է 1946 թվականին հիմնադրված Հյուսիսային Կորեայի գրականության և արվեստի գործիչների ասոցիացիան, որի կազմի մեջ է կերպարվեստի գործիչների միությունը։ Տուշով ու ջրաներկով ազգային գեղանկարչության տեխնիկայով են աշխատում նկարիչներ Լի Չխոնը, Չխվե Գյոն Գինը, Լի Սոկ Խոն, Չոն Յոն Մանը, որոնք դիմում են ինչպես ավանդական (օրինակ, «ծաղիկներ-թռչուններ» ժանրին), այնպես էլ ժամանակակից (ժողովրդի մարտական և աշխատանքային սխրագործությունների պատկերումը) թեմաների։ Յուղաներկի տեխնիկայով են ստեղծագործում (հիմնականում կենցաղային և պատմական թեմաներ) նկարիչներ Կիմ Ջոն Նամը, Պակ Մյոն Խուն, Պխո Սե Ջոնը, Մուն Խակ Սուն։ Զարգանում են գրաֆիկան (նկարազարդում, էստամպ, պլակատ. Կիմ Գոն Ջուն, Պե Ուն Սոն, Պակ Սին Խի), հաստոցային և մոնումենտալ քանդակագործությունը (Մուն Սոկ Օ, Խան Յոն Սիկ, Չո Գյու Բոն)։ Հին ավանդույթները պահպանվում են դեկորատիվկիրառական արվեստում (բրուտագործություն, ասեղնագործություն, լաքապատ իրերի պատրաստում)։ Փխենյանում 1953 թվականին հիմնադրվել է Կորեական նկարիչների միությունը, 1954 թվականին՝ Կորեական ճարտարապետների միությունը։
Երաժշտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1946 թվականին ստեղծվել է երաժիշտների միավորում, որը հետագայում մտել է Հյուսիսային Կորեայի գրականության և արվեստի գործիչների ասոցիացիայի մեջ։ Խոշոր քաղաքներում բացվել են երաժշտական ուսումնական հաստատություններ (1949 թվականին՝ Փխենյանի կոնսերվատորիան), համերգային դահլիճներ, երաժշտական թատրոններ։ Երաժշտական թատրոնում են զարգացել երկու հիմնական ժանրերը՝ չխանգիկը (ժող. երաժշտական դրամա) և կագիկը (ժամանակակից օպերա, որի կազմավորմանը նպաստել են կոմպոզիտորներ Լի Մյոն Սանը և Խվան Խակ Կինը)։ 1953 թվականին ստեղծվել է ԿԺԴՀ-ի կոմպոզիտորների միությունը։ 1955 թվականին Փխենյանում կառուցվել են ժամանակակից թատերական շենքեր և համերգային դահլիճ, ստեղծվել ֆիլհարմոնիա, սիմֆոնիկ մեծ նվագախումբ և այլ երաժշտական կոլեկտիվներ, գրվել են առաջին սիմֆոնիկ երկերը (Սին Դո Սոնի «Առաջին սիմֆոնիան», Չո Գիլ Սոկի «Հանուն հայրենիքի» սիմֆոնիկ պոեմը)։ Առաջատարի դերը շարունակում է կատարել Փխենյանի պետ. գեղարվեստական թատրոնը, որի լավագույն բեմադրություններից են՝ Լի Մյոն Սանի և Սին Դո Սոնի «Պատմի՜ր, տայգա», Խամ Խոն Գինի «Լուսինը Կիմգանսան լեռներում» և այլ գործեր։ Կորեայի երաժշտական կյանքում կարևոր տեղ են գրավում կորեական ժող. գործիքների անսամբլը, կորեական ժող. բանակի երգի և պարի անսամբլը։ 1946 թվականից Փխենյանում գործում է բալետային ստուդիա (1952 թվականից՝ պետական բալետային ստուդիա)։
Թատրոն
[խմբագրել | խմբագրել կոդը]1947—1949 թվականներին Փխենյանում բացվել են պետ. թատրոնը (այժմ՝ պետ. դրամատիկական թատրոն), պետ. ժող. գեղարվեստական թատրոնը (այժմ՝ Փխենյանի քաղաքային թատրոն)։ 1948 թվականին Փխենյան-Պուկտո գավառի գեղարվեստական թատրոնը բեմադրել է Պեկ Մուն Խվանի «Աճ» պիեսը՝ ագրարային ռեֆորմի շրջանի կորեական գյուղի, ժող. իշխանության կազմավորման մասին։ Այդ պիեսը էտապային է եղել կորեական նոր թատերարվեստի ձևավորման համար և բեմադրվել շատ թատրոններում։ 1950—1953 թվականների պատերազմի տարիներին թատրոնների ագիտբրիգադները հանդես են եկել ռազմաճակատում և թիկունքում։ 1950-ական թվականների վերջից Կորեայի թատրոնը շարունակել է զարգացման նոր ուղիների որոնումները։
Կինոն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կորեայի ազատագրումից հետո ստեղծվել են կինեմատոգրաֆիայի զարգացման պայմաններ։ 1947 թվականին կազմակերպվել է կինոստուդիա (1948 թվականից՝ պետական), որի հիման վրա բացվել են (1958) գեղարվեստական և վավերագրական ֆիլմերի կինոստուդիաներ։ 1949 թվականին թողարկվել է «Իմ հայրենիքը» առաջին գեղարվեստական լիամետրաժ կինոնկարը։ 1950—1953 թվականի պատերազմի տարիներին, դժվարին պայմաններում, նկարահանվել են «Պատանի պարտիզանները» (1951), «Հայրենի երկրի պաշտպանները» (1952) և այլ ֆիլմեր։ Կորեայի կինեմատոգրաֆիայի նվաճումներից են՝ «Ասք Սադոսոն ամրոցի մասին», «Նշմարվում է Պեկտուսանը» (երկուսն էլ՝ 1956), «Ասք Չխունխյանի մասին» (1959), «Փյունիկ» (1960), «Կարմիր ծաղիկ» (1963), «Անտեսանելի ռազմաճակատ» (1965), «Մարտիկի երդումը» (1969), «Պատմություն կնոջ մասին» (1970), «Արյան ծով» (1971) ֆիլմերը։ 1957 թվականին նկարահանվել է «Եղբայրներ» կորեա-սովետական գունավոր կինոնկարը (ռեժիսորներ՝ Ի. Վ. Լուկինսկի և Չխոն Սան Ին)։ 1959 թվականին ստեղծվել է Փխենյանի թատրոնի և կինոյի ինստիտուտը։ 1961 թվականին կազմակերպվել է Կորեայի կինեմատոգրաֆիստների միությունը։
Հարավային Կորեա
[խմբագրել | խմբագրել կոդը]Գտնվում է Կորեա թերակղզու հվ. մասում։ Տարածությունը 98,5 հզ. կմ² է, բնակչությունը՝ 37,1 միլիոն (1978), գլխավոր քաղաքը՝ Սեուլ։ Վարչականորեն բաժանված է 9 նահանգի։ Պաշտոնական լեզուն կորեերենն է, կրոնը՝ բուդդայականությունը։ Բնակչության տարեկան միջին աճը 2,3% է, տնտեսապես ակտիվ բնակչությունը՝ 10,2 միլիոն (49%֊ը զբաղված է գյուղատնտեսության մեջ, 1971), միջին խտությունը 1 կմ² վրա՝ 375,8 մարդ (1978), քաղաքային բնակչությունը՝ 43% (1970)։ Խոշոր քաղաքներն են Սեուլը, Պուսանը, Տեգուն, Ինչոնը, Կվանգջուն, Դեջոնը, Չհոնջուն, Մասանը, Մոկպհոն։
Պատմական տեղեկանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարավային Կորեայի պատմությունը սկսվում է 1945 թվականի ամռանը կնքված, թերակղզու ոլորտների ազդեցության բաժանման խորհրդային-ամերիկյան համաձայնությունից։
Ըստ այդ համաձայնագրի՝ Կորեայի հարավային մասն անցնում էր ԱՄՆ-ի, իսկ հյուսիսայինը՝ ԽՍՀՄ-ի ազդեցության տակ։
Երկրի պատմության մեջ փոփոխվեցին ժողովրդավարական և բռնատիրական կառավարություններ։ Հարավային Կորեայի Առաջին Հանրապետությունը ժողովրդավարական կարգավիճակից անցավ բռնատիրական կարգին մինչ իր փլուզումը (1960)։ Հարավային Կորեայի Երկրորդ Հանրապետությունը ստեղծվեց ժողովրդավարական սկզբունքների հիման վրա, սակայն մեկ տարվանից ավելի քիչ ժամանակահատվածում փլուզվեց, ինչից հետո երկրում հայտնվեց ռազմական կառավարություն։ Հարավային Կորեայի Երրորդ, Չորրորդ և Հինգերորդ Հանրապետությունները համարվում էին ժողովրդավարական և ռազմական կառավարության շարունակությունը։ Վեցերորդ Հանրապետության ստեղծումից հետո կառավարությունը վերադարձավ ժողովրդավարական դիրքին։
Իր ստեղծման ժամանակից Հարավային Կորեան անցել է կրթության, տնտեսության և մշակույթի ոլորտների զարգացման մեծ ուղի։ 1960-ական թվականներին երկիրը համարվում էր ամենաաղքատներից մեկը տարածաշրջանում։ 1990-ական թվականներին կորեական հայտնի երաժշտությունը, հեռուստատեսայի սերիալները և կինոն ավելի հայտնի է դառնում աշխարհի տարբեր ծայրերում, հատկապես Հարավարևելյան Ասիայում։ Այս երևույթը հայտնի է դառնում որպես «Կորեական ալիք»։
(ռուս.)
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարավային Կորեան համարվում է տնտեսապես զարգացած և բնակչության մեկ շնչի եկամուտի բարձր մակարդակով երկիր։
Առավելությունները, նավարտադրության ոլորտում առաջինն է աշխարհում։ Կորեական ապրանքները, մանավանդ ավտոմեքենաները, մեծ պահանջարկ ունեն Չինաստանում։
Թերությունները, մեծ կախվածություն և պարտքեր ունի համաշխարհային արտադրողներից։ Հանրային ոլորտը բեռնում է տնտեսությունը։
Հարավկորեական տնտեսության մեջ ներդրողները ներկայացված են ստորև բերված աղյուսակում.
Տարի | Ամբողջը | ԱՄՆ | Ճապոնիա | Հոնկոնգ | Գերմանիա | Մեծ Բրիտանիա | Ֆրանսիա | Այլ |
1980 | 143,1 | 70,6 | 42,5 | 0,5 | 8,6 | 2,3 | 18,6 | |
1985 | 532,2 | 364.3 | 59,9 | 13,4 | 11,3 | 12,3 | 5,1 | 65,9 |
1990 | 802,6 | 317,5 | 235,9 | 3 | 62,3 | 44,8 | 22,4 | 116,6 |
1995 | 1 947,2 | 644,9 | 418,3 | 58, 0 | 44,6 | 86,7 | 35,2 | 659,5 |
1997 | 6 970,9 | 3 189,6 | 265,7 | 84,6 | 398,1 | 258,6 | 410,7 | 2363,6 |
2000 | 15 216,7 | 2 922 | 2 448,0 | 123,0 | 1&599,0 | 84,0 | 607,0 | 7 433,6 |
2002 | 9 101,0 | 4 500,0 | 1 403,0 | 234,0 | 284,0 | 115,0 | 111,0 | 2 454,0 |
2003 | 6 468,0 | 1 240,0 | 541,0 | 55,0 | 370,0 | 871,0 | 150,0 | 3241 |
2004 | 12 787,6 | 4 717,6 | 2 258,1 | 90,1 | 487,0 | 642,0 | 180,0 | 4 899,8 |
2005 | 11 563,5 | 2 689,8 | 1 787,8 | 819,7 | 704,8 | 2 307,8 | 85,2 | 3 168,4 |
2008 թվականի դրությամբ Հարավային Կորեան իր տնտեսության ՀՆԱ-ով գտնվում է 13-րդ հորիզոնականում։ ՀՆԱ-ի 1963 թվականի ցուցանիշից (100$ մեկ շնչին) 2005 թվականին հասել է 20,000$-ի։
Երկրի տնտեսական հիմնական ոլորտները մերջին վաթսունամյակում հիմնապես փոխվել են։ 1940-ական թվականներին Կորեայի տնտեսությունը հենվում էր գյուղատնտեսության և թեթև արդյունաբերության վրա։ Հետագա մի քանի տասնամյակի ընթացքում ուշադրությունը կենտրոնացվել է թեթև արդյունաբերության և ազգային հագուստների սպառման, իսկ 1970-ական և 1980-ական թվականներին՝ ծանր արդյունաբերության վրա։ 30 տարվա ընթացքում երկրի նախագահը՝ Պակ Չո Հին 1962 թվականին հայտարարեց «Տնտեսական հնգամյակ», որի արդյունքում երկրի տնտեսությունը աճեց շատ արագ տեմպով, և տնտեսության կառուցվածքը փոխվեց։ 1960-ական և 1990-ական թվականների տնտեսական բարձր ցուցանիշների շնորհիվ Հարավային Կորեան Սինգապուրի, Հոնկոնգի և Թայվանի շարքում անվանում են «Ասիական վագր»։
1980-ական թվականներին տնտեսական փոթորկոտ աճը դանդաղեց։ Տնտեսական աճը կազմեց 6,5%, բնակչությունը շատացավ աշխատավարձի հաշվին, և տեղի ունեցավ փողի արժեզրկում։
Ինչպես այլ զարգացած երկրներում, Հարավային Կորեայում նույնպես 1990-ական թվականներին գերակշռող դարձավ արդյունաբերությունը, իսկ այժմ այն ՀՆԱ-ի -ն է կազմում։
Հարավային Կորեայում առևտրական գործունեությունը հսկվում է Հարավային Կորեայի Առևտրական Օրենսգրքով։
Ստորև բերված աղյուսակում ներկայացված են 2005, 2006 և 2009 թվականների բյուջեի ծախսային մանրամասները. (1 տրիլիոն վոն)
Ոլորտը | Ներդրումը (2005) | Ներդրումը (2006) | Ներդրումը (2009) |
Գիտական հետազոտություններ և մշակումներ | 7,8 | 8,9 | 11,1 |
Կրթություն | 27,6 | 28,7 | 36,3 |
Առողջապահական ծրագրեր | 49,6 | 56 | 70,5 |
Գյուղատնտեսություն, ձկնորսություն | 14,1 | 15,1 | 15,8 |
Արդյունաբերություն, մեծ և փոքր բիզնես | 11,9 | 12,4 | 13,4 |
Շրջակա միջավայրի պահպանություն | 3,6 | 3,8 | 4,9 |
Հարավային Կորեայի Զինված Ուժեր | 46,6 | 65 | н/д |
Ներքին ծախսեր | 2 | 2,6 | 2,7 |
Մշակույթ, Զբոսաշրջություն | 2,6 | 2,9 | 3,3 |
Ներքին անվտանգություն | 9,4 | 10,2 | 11,7 |
-
Բրնձի դաշտեր Հարավային Կորեայում
-
Կորեական «Հյունդայի» ապրանքանիշի արտադրության նմուշ
(ռուս.)
Տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկաթուղիների երկարությունը 5,7 հզ. կմ է (1979), ավտոպարկի հզորությունը՝ 90 հզ. մեքենա։ Ունի օդանավակայանների ցանց (Սեուլ, Սուվոն, Կվանջու, Պուսան, Մոկպհո ևն)։ Ծովային հիմնական նավահանգիստներն են Պուսանը, Ինչխոնը, Ուլսանը, Կունսանը, Մոկպհոն, Փխոխանը, Յոսուն։ Արտաքին առևտրի հաշվեկշիռը բացասական է. հիմնական գործընկերներն են Ճապոնիան, ԱՄՆ-ը և ԳՖՀ-ն։ Դրամական միավորը վոնան է։
Բժշկա-աշխարհագրական բնութագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծննդի, մահացության և մանկական մահացության վերաբերյալ կանոնավոր հաշվառում չկա։ Կորեայում տարածված են վարակիչ և մակաբուծական հիվանդությունները (ասկարիդոզ, անկիլոստոմիդոզ, ցուցուգամուշ)։ Առավելապես գրանցվում են տուբերկուլոզի, խոլերայի, որովայնային տիֆի և բորի դեպքեր։ 1969 թվականին Կորեայում գործել են 219 հիվանդանոց՝ 16,3 հզ. մահճակալով (0,5 մահճակալ՝ 1000 բնակչին)։ Բժշկ. օգնությունը հիմնականում կազմակերպում են մասնավոր պրակտիկայով զբաղվող բժիշկները։ 1971 թվականին (1966 թվականի հետ համեմատած) բուժսպասարկման վարձը պետ. և կոմունալ հիվանդանոցներում բարձրացել է 20—60%, կրճատվել են բժշկ. սպասարկման ծախսերը։ 1968 թվականին Հարավային Կորեաում աշխատել է 13,5 հզ. բժիշկ (2,5 հզ. բնակչին՝ 1 բժիշկ), մոտ 5 հզ. բժշկի օգնական, 1,9 հզ. ատամնաբույժ, 13,8 հզ. դեղագործ և 19,5 հզ. միջին բուժաշխատող։ Բժիշկների 33% ը և ատամնաբույժների 37%-ը կենտրոնացած է Սեուլում։ Սեուլի պետական համալսարանում կազմակերպվել են բժիշկների կատարելագործման դասընթացներ։
Լուսավորություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1949 թվականին կրթության մասին ընդունած օրենքի համաձայն դպրոցական համակարգի մեջ մտնում էին տարրական (6 տարի), ոչ լրիվ միջնակարգ (3 տարի), լրիվ միջնակարգ (3 տարի) դպրոցները։ Բացի պետական և մունիցիպալ (տեղական ինքնավարության) դպրոցներից, գործում են մեծ թվով մասնավոր ուս. հաստատություններ։ Բոլոր տեսակի դըպրոցներում ուսուցումը վճարովի էր։ Մասնագիտական ուս. հաստատությունների ցանցի մեջ մտնում էին ռեալական, 3-ամյա տեխ. և բարձրագույն տեխ. դպրոցները։ Բարձրագույն կրթության համակարգի մեջ մանում են համալսարանները և 4-ամյա կոլեջները։ 1969-1970 ուս. տարում գործել են 69 համալսարան և քոլեջ։ Խոշորագույն բուհերն են. Սեուլի պետ. (հիմն. 1946), «Յոնսե» (1885), «Իխվա» (1886, իգական) համալսարանները։ Կորեայի ուսանողները արտասահմանում բարձրագույն կրթություն են ստանում հիմնականում՝ ԱՄՆ-ում, Ֆրանսիայում և ԳՖՀ-ում։ Խոշոր են Ազգային կենտրոն (416 հզ. կտոր գիրք)» Սեուլի պետական համալսարանին կից (779,9 հզ. կտոր գիրք) գրադարանները, Ազգային թանգարանը (հիմն. 1916), Կյոնբոկկունի պալատի գեղարվեստական պատկերասրահը (հիմն. 1916) Սեուլում։
Գիտական հիմնարկները
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոորդինացման գիտական կենտրոնը Սեուլի գիտությունների ազգային ակադեմիան է (հիմն. 1954): «Կորյո» համալսարանում (Սեուլ) կան ասիական հետազոտությունների կենտրոն, տնտեսագիտության, աշխատանքի, սոցիալական հետազոտությունների, միջատաբանության և այլ ինստիտուտներ։ Պուսանյան ազգային համալսարանին կից ստեղծվել են տեխնոլոգիայի (1965), արյան հետազոտությունների (1964) ինստիտուտներ։ Տեգուում կազմակերպվել են բնական նյութերի քիմիայի, արդյունաբերական տեխնիկայի, արդյունաբերական տնտեսագիտության և այլ հետազոտական կենտրոններ։ 1958 թվականին ստեղծվել է ատոմային էներգիայի վարչությունը։
Այժմ կրթության համակարգով է զբաղվում Կորեայի Կրթության և Գիտության Նախարարությունը՝ ձևավորված 2008 թվականին։ Պետական առաջին աստղադիտարանը դարձավ Կյոնհի աստղադիտարանը։
-
Սեյոնգ համալսարանի մուտքը
-
Կյունհի աստղադիտարանը
-
Կումին համալսարանը
-
Կումին համալսարանի 1-ին մասնաշենքը
-
Յոնսեյ համալսարանը Սեուլում
-
Յոնսեյ համալսարանի մասնաշենքը
-
Սեուլթեք համալսարան, 2009 թվական
-
Կյուն Հի համալսարանը
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1948 թվականից գրականության մեջ ուժեղացել են հակակոմունիստական միտումները։ Արձակագիրների ավագ սերունդը (Յոմ Սան Սոպ, Չու Յո Սոպ, Կիմ Դոն Ին, Լի Մու Յոն) շարունակել է նատուրալիզմի և անկումային գրականության ավանդույթները։ 1954 թվականից հանդես է եկել արձակագիրների նոր սերունդ, որը գտնվում է ֆրանսական էկզիստենցիալիզմի, «նոր քննադատության» և այլ ուղղությունների ազդեցության տակ։ Պատերազմի, աբսուրդի և միայնության թեմաներն են գերակշռում Կիմ Սոն Խանի (ծն. 1919), Չան Յոն Խակի, Սոնու Խվայի (ծն. 1922) արձակում։ Միստիցիզմ և «արևելյան մտածողության» առանձնահատկության որոնումներն են արտահայտված Լի Դոն Ջիի և Լի Խյոն Դիի ստեղծագործություններում։ 1960 թվականի ապրիլյան ապստամբությունից հետո գրականության մեջ նկատվել է առաջադեմ միտումների որոշ վերածնունդ։
Հարավային Կորեայում 1950-1970-ական թվականների հասարակական շենքերը կառուցվել են արևմտաեվրոպական ոճերի սկզբունքով (այդ թվում՝ ֆունկցիոնալիզմի. «Կորիա էըր լայնս) ավիաընկերության շենքը Սեուլում, 1969), ազգային շինարվեստի տարրերի և ժամանակակից կոնստրուկցիաների զուգորդման փորձեր են արվում («Ուոկեր Հիս» զվարճանքի կենտրոնը Սեուլի մոտ)։ Բնակարանային շինարարությունը հիմնականում կատարվում է տիպային նախագծերով։ 1950-1970-ական թվականներին Հարավային Կորեայի կերպարվեստում գոյություն ունեն բազմաթիվ հոսանքներ։ Եվրոպական առումով ռեալիստական ուղղության (չի վայելում պաշտոնական շրջանների աջակցությունը) ներկայացուցիչներից են գեղանկարիչներ Կիմ Ին Սինը, Լի Ջուն Սոպը։ 20-րդ դարի եվրոպական մոդեռնիստական հոսանքի նմանակման ոգով են աշխատում գեղանկարիչներ Կիմ Խվան Գին, Նամ Գվանը, քանդակագործներ Կիմ Յոն Խակը, Չոն Սան Բոմը։ Ազգային ավանդույթներով են ստեղծագործում գեղանկարիչներ Խո Բեն Նյոնը, քանդակագործ Կիմ Գյոն Սինը և ուրիշներ։ Ազգային և 20-րդ դարի եվրոպական գեղանկարչության արտահայտչամիջոցներն են զուգորդում Կիմ Գի Չխանը, Պակ Նե Խյոնը։ Ազգային երաժշտական արվեստը պահպանվում է էնտուզիաստների ջանքերով։ Խոշոր երաժշտական կենտրոնը Սեուլն է, ուր գործում են օպերային թատերախումբ (բեմադրում է եվրոպական օպերաներ), 5 սիմֆոնիկ նվագախումբ և 6 համալսարաններին կից երաժշտական կոլեջներ։ 1945 թվականից հետո լուծարքի են ենթարկվել բազմաթիվ թատերախմբեր։ Իշխանությունների բռնությունների հետևանքով թատերարվեստի առաջադեմ գործիչների մի մեծ խումբ հեռացել է (1946 թվականի 2-րդ կեսից) Հարավային Կորեայից և աշխատում է Հյուսիսային Կորեայում։ Ժամանակակից դրամայի ազգային թատրոնը կազմակերպվել է 1948 թվականին։ 1960-ական թվականների վերջից գործում են «Մինջուն», «Տոնյան» փորձարարական թատրոնները և ոչ մեծ թատերախմբեր։ Թատրոնը արևմտյան մոդեռնիստական արվեստի ազդեցության տակ է։ Ազգային ավանդույթները պահպանելու համար թատերական գործիչների ոչ մեծ խմբի ջանքերը արդյունք չեն տալիս։ Կինեմատոգրաֆիան սկզբնավորվել է 1946 թվականին։ 1940-ական թվականների վերջերի ֆիլմերի թեմատիկան հիմնականում կապված է ճապոնական ճնշումից ազատագրման հետ։ 1950-1953 թվականների պատերազմի տարիներից որոշակի են դարձել կինոարվեստի երկու հիմնական ուղղություններ՝ ռեակցիոն (հանդես է գալիս սոցիալիստական երկրների դեմ) և չափավոր լիբերալ, որի գործիչները ջանում են ցույց տալ հարավկորեական բուրժ. հասարակության թերությունները։ Միայն որոշ ֆիլմեր են բավարարում իսկական արվեստի պահանջները («Մղձավանջային գիշեր», 1953, «Ավելորդ մարդը», 1965)։ Չնայած թողարկվող ֆիլմերի մեծ քանակին (1966 թվականին՝ 120 կինոնկար), կինեմատոգրաֆիան դաժան գրաքննության, արտասահմանյան կինոարտադրանքի, կինոստուդիաների նյութական դժվարությունների և այլնի պատճառով խոր ճգնաժամ է ապրում։ Կինոգործիչներից են Սին Սա Ռոկը, Յու Խյոն Մոկը, Յուն Բոն Չխունը, Լի Գյու Խվանը, Յան Ջու Նամը, Լի Յոն Մինը և ուրիշներ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Korean Metal Movable Type». World Treasures: Beginnings. Library of Congress. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 19-ին.
- ↑ «Korean Classics». Library of Congress Asian Collections: 2007 Illustrated Guide. Library of Congress. 2007. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 19-ին.
- ↑ «Gutenberg Bible». British Library. The British Library Board. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ «Korea, 1000–1400 A.D. | Chronology | Heilbrunn Timeline of Art History | The Metropolitan Museum of Art». The Met's Heilbrunn Timeline of Art History. The Metropolitan Museum of Art. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ «Movable type». Oxford Reference. Oxford University Press. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 19-ին.
- ↑ Ebrey, Patricia Buckley; Walthall, Anne (2013 թ․ հունվարի 1). East Asia: A Cultural, Social, and Political History (անգլերեն). Cengage Learning. ISBN 978-1285528670. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 19-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կորեա» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 646)։ |