Պիկետ
Պիկետ, բողոքի ձև, որի ժամանակ մարդիկ (հաճախ կոչվում են պիկետի մասնակիցներ կամ պիկետ անողներ) հավաքվում են աշխատավայրից կամ այն տարածքից դուրս, որտեղ տեղի է ունենում իրադարձությունը[1]։ Հաճախ դա արվում է՝ փորձելով ետ պահել ուրիշներին մտնել իրենց աշխատավայր (սա հաճախ անվանվում է «թույլ չտալ հատելու պիկետի գիծը»), բայց դա կարող է արվել նաև
հասարակության ուշադրությունը որևէ երևույթի վրա հրավիրելու համար։ Պիկետների մասնակիցները սովորաբար ձգտում են բռնության չդիմել։ Դրանք կարող է ունենան մի շարք նպատակներ, բայց ընդհանուր առմամբ պիկետների հիմնական նպատակն է ճնշում գործադրել հակառակ կողմի վրա՝ որոշակի պահանջների բավարարման կամ գործունեության դադարեցման համար։ Այս ճնշումը ձեռք է բերվում բիզնեսին վնաս հասցնելու միջոցով, ինչի հետևանքով ընկերությունը կարող է կորցնել իր հաճախորդներին կամ վնասել հեղինակությունը։ Երբ պիկետների մասնակիցները հետ են պահում կամ խանգարում են կոնկրետ տարածք կամ աշխատավայր մյուս մարդկանց մուտքին, դրա հետևանքով բիզնեսը դադարում է նորմալ գործել։
Պիկետը հաճախ հանդիպող մարտավարություն է, որը գործադուլների ժամանակ օգտագործվում է արհմիությունների կողմից։ Դրանց մասնակիցները փորձում են խոչընդոտել տվյալ արհմիության այլախոհ անդամների, այլ արհմիությունների անդամների և արհմիություններին չանդամակցող անձանց աշխատանքը։ Նրանք, ովքեր հրաժարվում են ենթարկվել պիկետի մասնակիցների պահանջին, մտնում են աշխատավայր ու չնայած ընթացող գործադուլին, շարունակում իրենց աշխատանքը, կոչվում են գործադուլաբեկներ կամ շտրեյկբրեխերներ, ինչը բացասական իմաստ է արտահայտում։
Պիկետի տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեղեկատվական պիկետը իրազեկման բարձրացման պիկետի պաշտոնական անվանումն է։ Ըստ Merriam-Webster-ի իրավական բառարանի՝ տեղեկատվական պիկետը խմբի, սովորաբար արհմիության կողմից իրականացվող պիկետն է, որը հանրությանը տեղեկացնում է իր մտահոգության պատճառի մասին[2]։ Գրեթե բոլոր դեպքերում պիկետն իրականացվում է բիզնեսի կամ կազմակերպության անընդունելի քաղաքականության կամ գործելակերպի պատճառով։ Պիկետ կարող են իրականացնել նույնիսկ բժշկական հաստատությունների աշխատակիցները։ Օրինակ՝ 2006 թվականի ապրիլի 5-ին «UMass» մեմորիալ բժշկական կենտրոնի (UMMHC) բուժքույրերը մասնակցեցին երկու առանձին պիկետների՝ պահանջելով բարձրացնել իրենց բուժքույրական ծրագրի որակը[3]։ Տեղեկատվական պիկետն օգտագործվում էր հանրային աջակցություն ստանալու և ղեկավարության հետ հետագա բանակցությունները խթանելու համար[3]։ Դա կարող է նաև խթան կամ օգնող հանգամանք լինել կառավարությանն ուղղված միջնորդության համար՝ կարգավորող մարմինների միջամտության, արտոնությունների, որոշակի հատկացումների կամ ֆինանսավորման նպատակով։
Զանգվածային պիկետի ժամանակ դրա մասնակիցները փորձում են հնարավորինս շատ մարդկանց մասնակից դարձնել այդ ակցիային՝ նպատակ ունենալով մեծ աջակցություն ցույց տալ իրենց պահանջին։ Այս մեթոդը հիմնականում կիրառվում է այն ժամանակ, երբ պիկետը տեղի է ունենում միայն մեկ աշխատավայրում կամ իրականացվում է որևէ խորհրդանշական կամ գործնականում կարևոր աշխատավայրի համար։ Կախված նրանից, թե քանի մարդ է մասնակցում և ինչ վարքագիծ են նրանք ցուցաբերում, պիկետը կարող է վերածվել ապօրինի շրջափակման, օրինակ՝ ազատ տեղաշարժի խոչընդոտման կամ հաստատության տարածք մուտք գործելու լիակատար արգելքի։
Երկրորդական պիկետն իրականացվում է արտաքին ցանկացած սուբյեկտի դեմ, որը տնտեսապես կապված է այն բիզնեսի հետ, որի դեմ պիկետ են իրականացնում տվյալ ընկերության աշխատակիցները։ Այսպիսով, պիկետ կարող է իրականացվել նաև մատակարարների դեմ, որոնց վրա հենվում է տվյալ բիզնեսը, մանրածախ առևտրականների դեմ, որոնք վաճառում են ընկերության արտադրանքը, ծառայողական շենքերի դեմ, որտեղ տեղակայված են տվյալ ընկերության սեփականատերերին պատկանող այլ ընկերություններ, ինչպես նաև վերջիններիս տների դեմ։ Օրինակ, 1972 թվականին Անգլիայում «Սոլթլի Գեյթի ճակատամարտ» անունը ստացած զանգվածային պիկետի ժամանակ գործադուլ իրականացնող հանքագործները պիկետ էին անում Բիրմինգհեմում գործող կոքսի արտադրամասի մոտ, իսկ ավելի ուշ նրանց միացան տեղական արդյունաբերական գործարանների հազարավոր աշխատողներ։ Իրավական և օրենսդրական մակարդակով երկրորդական պիկետները հիմնականում չունեն առաջնային պիկետների համար նախատեսված քաղաքացիական պաշտպանության բոլոր կամ գրեթե բոլոր միջոցները։
Միացյալ Թագավորությունում 1980 թվականին «Զբաղվածության մասին» օրենքի[4][5] 17-րդ բաժնի ուժի մեջ մտնելուց ի վեր՝ երկրորդական պիկետներն անօրինական են (այն իմաստով, որ, ի տարբերություն օրինական պիկետի, այն կարող է պատճառ հանդիսանալ հանցագործության մասին հայց կամ բողոք ներկայացնելու համար)։ Վերջինս ներկայացվել և խորհրդարանի կողմից ընդունվել էր Մարգարետ Թետչերի պահպանողական կառավարության նախաձեռնությամբ։ 1987 թվականի ընդհանուր ընտրություններից առաջ լեյբորիստներն իրենց նախընտրական ծրագրում գրել էին, որ վերացնելու են այդ մոտեցումը, սակայն Թետչերի գլխավորած Պահպանողական կուսակցությունը ընտրությունների ժամանակ դարձյալ հաղթեց։ Լեյբորիստական կուսակցությունը 1992 թվականի ընտրություններից առաջ դարձյալ հանդես եկավ միևնույն կոչով՝ առաջարկելով նախընտրական քարոզարշավի ժամանակ այն դարձնել բանավեճի թեմա։ Սակայն արդեն 1997 թվականից սկսած՝ այս հարցը դուրս եկավ Լեյբորիստական կուսակցության օրակարգից, երբ այդ կուսակցությունը հաղթեց ընտրություններում, իսկ Թոնի Բլեերը դարձավ Մեծ Բրիտանիայի վարչապետ[6]։
Մարտավարության մեկ այլ տեսակ է խիստ շարժունակ պիկետների կազմակերպումը, որի մասնակիցները կարող են արագորեն հայտնվել տվյալ բիզնեսի հետ կապված ցանկացած վայրում։ Այս «թռչող պիկետներ»-ը հատկապես արդյունավետ են այն ձեռնարկությունների դեմ, որոնք գործում են մի քանի օբյեկտներում ու կարող էին օրինական կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել ու աշխատանքային գործունեությունը մի օբյեկտից տեղափոխել մյուսը։ Սրա վառ օրինակ է 1969 թվականին Մեծ Բրիտանիայում հանքագործների գործադուլի օրինակը[7]։ Թռչող պիկետները սովորաբար օրինական չեն Միացյալ Թագավորությունում. աշխատողները պետք է միայն իրենց աշխատավայրում պիկետ անեն[8]։
Պիկետը կարող է զուգահեռվել քաղաքական և բարոյական սպեկտրում ճնշման խմբերի կողմից իրականացվող բոյկոտի արշավների հետ։ Հատկապես կրոնական խմբերը, ինչպես օրինակ Վեստբորոյի բապտիստական եկեղեցին, փորձում են պիկետ անել տեղական խանութների ցուցափեղկերի դիմաց և հանրային այն միջոցառումների դեմ, որոնք նրանք համարում են մեղսավոր կամ անբարո։ Ցուցարարները, որոնք չեն հանդիսանում վարձու աշխատողներ, հանդիսանում են երրորդ կողմ, ուստի պատասխան գործողությունները կարող են ձեռնարկվել դատարաններում (կամ արտադատական պաշտպանության միջոցների օգնությամբ)՝ առևտրի խափանման, ապօրինի բողոքի, զրպարտության և ապօրինի գովազդի որոշ տեսակների, տարածք ներխուժման և անհարմարություններ առաջացնելու համար, որոնք խախտում են ազատ կամարտահայտությունը, դավանանքի ազատությունը և/կամ հանրային շահերի պաշտպանությունը։ Իրավական տարբեր համակարգերում միմյանց հետ մրցակցող իրավունքի այս երկու տեսակները տարբեր կերպ են գնահատվում։ Հետևաբար, կանոնների և արդյունքների վրա մեծ ազդեցություն են ունենում կոնկրետ փաստերը (ինչպիսիք են գործողությունները, ձևը, առարկան, տևողությունը և վարքագիծը) և իրավական սկզբունքները (կանոնակարգվում կամ կարգավորվում են տարբեր ձևերով նախադեպային իրավունքով)։
Խանգարող պիկետ
[խմբագրել | խմբագրել կոդը]Խանգարող պիկետը ներառում է պիկետների մի քանի տեսակ.
- Խոչընդոտող պիկետ, որը զգալիորեն սահմանափակում կամ դադարեցնում է մարդկանց, ապրանքների կամ ծառայությունների հոսքը դեպի բիզնես և հակառակը։
- Հասարակական կարգը կամ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու պիկետ, որը կողմնակի անձանց, նրանց կողմնակիցների վարքագծի կամ մասնակիցների չափազանց մեծ քանակի պատճառով ենթադրում է ոստիկանության կամ տեղական իշխանությունների կողմից հարկադրանքի միջոցների կիրառում՝ փողոցներում դրա գործունեությունը կամ աջակցությունը սահմանափակելու համար։
- Հանցավոր բռնության կամ սպառնալիքների կիրառմամբ պիկետ. ֆիզիկական վնաս պատճառելու կամ անձանց բավարար չափով ահաբեկելու նպատակով ուժի գործադրումը (ծեծի և/կամ հանցավոր վնաս հասցնելը) կամ նման բնույթի շոշափելի և իրական սպառնալիքները (հարձակումը)[9]։
- Մեծ Բրիտանիայում հանքագործների գործադուլի ամենաթեժ ժամանակաշրջանում (1984–1985 թվականներ) մի քանի պիկետների ժամանակ դրանց մասնակիցները քարերով հարվածեցին և ներկեր ու արգելակային հեղուկ լցրին շտրեյկբրեխերների վրա։ Ոստիկանությունը ձերբակալեց պիկետի մասնակիցներից շատերին՝ անձի դեմ ուղղված հանցագործությունների համար[10][11]։
- Հաճախակի պիկետները կարող են հանգեցնել տնտեսական գործունեության և/կամ հեղինակության լուրջ կորստի։
Խոչընդոտող պիկետը կարող է հակադրվել ոչ խոչընդոտող պիկետին, որի դեպքում բիզնեսի կամ կազմակերպության վրա ազդեցությունը, ամենայն հավանականությամբ, կսահմանափակվի մոտակայքում գտնվող մի խումբ մարդկանց ներկայությամբ, որոնց թիվը մոտ է այն գործադուլավորների թվին, որոնք իրականացնում են տեղեկատվական պիկետ, հավաք կամ հանրահավաք։ Թեև տեսականորեն հնարավոր է, սակայն աշխարհի երկրների աշխատանքային օրենսդրություններով հազվադեպ է թույլատրվում տեղեկատվական պիկետ անցկացնել տվյալ ձեռնարկության հասարակական տարածքում՝ առանց միաժամանակ գործադուլ անելու։ Այլ կերպ ասած, աշխատողները կարող են բողոքել իրենց սովորական աշխատանքային ժամերից դուրս՝ առանց ակտիվ գործադուլի։ Որոշ ոլորտներում ոչ խոչընդոտող պիկետի անմիջական ֆինանսական ազդեցությունը կարող է աննշան լինել, իսկ ավելի երկարաժամկետ ազդեցությունները կարող են ներառել մարդկային ռեսուրսների քաղաքականության կամ հասարակության առնչությամբ քաղաքականության բարելավում, ինչպես նաև սպառողական հարաբերությունների խթանում։
Օրինականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պիկետը, քանի դեռ այն չի խոչընդոտում ճանապարհային երթևեկության կանոնների պահպանմանը կամ միտված չէ որևէ մեկին կամ ինչ-որ բանի ահաբեկմանը, շատ երկրներում համարվում է օրինական և համահունչ հավաքների ազատության մասին օրենքներին, սակայն շատ երկրներ ունեն պիկետների կազմակերպման և իրականացման սահմանափակումներ։
Իրավական տեսանկյունից՝ ճանաչողական պիկետը պիկետի իրականացման մեթոդ է, որը տնտեսական ճնշում է գործադրում գործատուի վրա՝ նպատակ ունենալով ստիպել գործատուին ճանաչել աշխատողների առջև ծառացած խնդիրները և լուծել դրանք արհմիության հետ բանակցությունների միջոցով[12]։ ԱՄՆ-ում պիկետի այս տեսակը, «Աշխատանքային հարաբերությունների մասին» օրենքի 8(b)(7)(A) բաժնի համաձայն, ընդհանուր առմամբ անօրինական է, եթե այն չի վերաբերում աշխատողների շահերը կամ մտահոգությունները ներկայացնելուն կամ եթե դրա անհրաժեշտությունը կասկածից վեր է[13]։
Մեծ Բրիտանիայում զանգվածային պիկետներն անօրինական են ճանաչվել 1927 թվականին ընդունված «Առևտրային վեճերի և արհմիությունների մասին» օրենքով, որն առաջարկել էին 1926 թվականի համընդհանուր գործադուլից հետո ապագա Ազգային աշխատանքային կուսակցության առաջնորդները։ Մինչ դա Մեծ Բրիտանայում պիկետներն արգելված էին 1871 թվականի Քրեական իրավունքի փոփոխության ակտով, որը ներկայացվել էր լիբերալների կողմից, սակայն այն ապաքրեականացվեց Պահպանողական կուսակցության կողմից 1875 թվականին ներկայացված «Դավադրության և սեփականության պաշտպանության մասին» օրենքով[14]։ 1992 թվականին ընդունված «Արհմիության և աշխատանքային հարաբերությունների (համախմբման) մասին» օրենքը իրավական պաշտպանություն է առաջարկում աշխատանքային վեճերում ներգրավված պիկետների մասնակիցներին։ Քաղաքացիական օրենսդրության համաձայն՝ այս պաշտպանությունը վերաբերում է այն պիկետների մասնակիցներին, որոնք խաղաղ կերպով զբաղված են այնպիսի գործունեությամբ, ինչպիսին է տեղեկատվություն հավաքելը կամ փոխանակելը, ինչպես նաև անհատներին համոզելը աշխատել կամ հրաժարվել աշխատանքից, պայմանով, որ այդ գործողություններն իրականացվում են իրենց աշխատավայրում կամ մոտակայքում և կապված են շարունակվող աշխատանքային վեճի հետ։ Այնուամենայնիվ, բազմաթիվ գործատուներ հետամուտ են լինում իրենց տարածքների մոտ պիկետների ազդեցությունը մեղմելուն ուղղված հատուկ արգելքների։ Նրանք դա անում են, երբ կարողանում են ապացույցներ ներկայացնել, որոնք ցույց են տալիս ահաբեկման մեծ հավանականությունը կամ պիկետային գործողությունների հետ կապված ոչ խաղաղ վարքագծի դեպքերը կամ որ պիկետին մասնակցող անհատների զգալի մասը հավանական է, որ իրենց ընկերության աշխատակիցները չեն[15]։
1900-ականների սկզբին ԱՄՆ-ում դժվար էր կազմակերպել որևէ գործադուլ կամ նմանատիպ այլ գործողություններ։ Այնուամենայնիվ, 1932 թվականի «Դատական արգելքների դեմ պայքարի մասին» օրենքի ընդունումից հետո, որը սահմանափակեց դատարանի կողմից գործադուլների դադարեցմանն ուղղված ցուցումներ ստանալու գործատուների հնարավորությունները, և հետագա օրենսդրական ջանքերը, որոնք ուղղված էին արհմիություններ ձևավորելու իրավունքի ամրապնդմանը, պիկետը դարձավ աշխատողների շրջանում առավել տարածված բողոքի ձև։ Զանգվածային և երկրորդական պիկետներն արգելվեցին 1947 թվականին ընդունված Թաֆթ Հարթլիի օրենքով[16]։ Այդուհանդերձ, պիկետների որոշ տեսակներ սահմանադրորեն պաշտպանված են։
Կալիֆոռնիայում «Հետապնդումների (սթալքինգ) դեմ» առաջին օրենքը, որն իր տեսակի մեջ առաջինն էր ամբողջ աշխարհում, ներառում էր դրույթներ, որոնք ազատում էին դրա պաշտպանությունից շատերին, որոնք աշխատանքային պիկետ էին պլանավորում անցկացնել։ Օրենքի հետագա փոփոխություններով այս դրույթները մնացին անփոփոխ[17]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Picketer | Define Picketer at Dictionary.com». Dictionary.reference.com. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 1-ին.
- ↑ «informational picketing - Reference.com».
- ↑ 3,0 3,1 Twarog, J. "Informational pickets, rallies, vigils and leafleting at health care facilities". Massachusetts Nurse, April 2006, Vol. 77, Issue 3, p. 9
- ↑ "Employment Act 1980: Section 17", legislation.gov.uk, The National Archives, 1980 c. 42 (s. 17)
- ↑ Due to successive reforms, secondary picketing is now banned under a law passed after the 1992 general election: "Trade Union and Labour Relations (Consolidation) Act 1992: Section 224", legislation.gov.uk, The National Archives, 1992 c. 52 (s. 224)
- ↑ «Posters From The Conservative Party Archive».(չաշխատող հղում)
- ↑ Beckett, Andy (2009). When the Lights Went Out: Britain in the Seventies. London: Faber & Faber. էջ 70. ISBN 9780571252268.
- ↑ «Taking part in industrial action and strikes». GOV.UK. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 27-ին.
- ↑ Wyatt, James F. (1981). «Leedom v. Kyne and the Implementation of a National Labor Policy». Duke Law Journal. 1981 (5): 853–877. doi:10.2307/1372177. JSTOR 1372177.
- ↑ In the law of England and Wales, general pelting of people is assault and battery in criminal law, and if causing more than an extremely light injury; see the Offences Against the Person Act 1861: Actual Bodily Harm (ABH) and Grievous Bodily Harm (GBH).
- ↑ Strike: 358 Days that Shook the Nation. London. 1985. էջ 264. ISBN 0-340-38445-X.
{{cite book}}
:|work=
ignored (օգնություն)CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ 52 Geo. L. J. 248 (1963–1964) "Federal Regulation of Recognition Picketing"; Shawe, Earle K.
- ↑ «"Stale" Contract No Bar to Recognitional Picketing». Labor Law Journal. 17 (6): 384 1/2p. 1066 թ․ հունիս.
- ↑ «Timeline:1850–1880». TUC history online, Professor Mary Davis, Centre for Trade Union Studies, London Metropolitan University.
- ↑ «Picketing, The Liberty guide to human rights». Liberty. 2005 թ․ հունվարի 11. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2006 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ «PICKETING». The Columbia Electronic Encyclopedia. Columbia University Press. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մարտի 11-ին.
- ↑ Penal Code s. 646.1
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիկետ» հոդվածին։ |
|