[go: up one dir, main page]
More Web Proxy on the site http://driver.im/Jump to content

Ղպտիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ղպտիներ
Ղպտիական խաչ
Ընդհանուր քանակ

10.000.000-20.000.000

Բնակեցում
Եգիպտոս Եգիպտոս 5.000.000-15.000.000
Սուդան Սուդան 500.000
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ 200.000-1.000.000
Կանադա Կանադա 200.000
Ավստրալիա Ավստրալիա 75.000
Լեզու(ներ)
Ղպտիերեն, արաբերեն
Հավատք(ներ)
Ղպտի ուղղափառ եկեղեցի
Ծագել են
Եգիպտոսում

Ղպտիներ (հուն․՝ αιγυπτος-ից - եգիպտացի, ղպտիերեն` ⲟⲩⲢⲉⲙ̀ⲛⲭⲏⲙⲓ ̀ⲛ̀Ⲭⲣⲏⲥⲧⲓ̀ⲁⲛⲟⲥ արաբ․՝ قبط‎‎, հոգնակի أقباط‎), եգիպտացի քրիստոնյաներ, ովքեր կազմում են Եգիպտոսի բնակչության 10%-ը։ Ղպտիների մեծ մասը դավանում է Քրիստոնեություն` Ղպտի ուղղափառ եկեղեցի, որը պատկանում է Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների դասին։ Ղպտիական եկեղեցու (ձևավորվել է V դ․) գլուխ կանգնած է պատրիարքը (նստավայրն է Կահիրեն)։ Ղպտիների մի մասը (մոտ 100 հազար) պատկանում է Ղպտի կաթոլիկ եկեղեցուն։ Ղպտիներն աշխարհի հնագույն ազգերից են։ Հանդիսանում են հին եգիպտացիների հետնորդները։

«Ղպտի» անվանումն առաջացել է Եգիպտոս տեղանվան աղավաղումից։ Ղպտիները բնակվում են հիմնականում քաղաքներում՝ Ասյութ, Ախմիմ, Կահիրե և այլն։ Ոչ մեծ համայնքներ կան նաև Սուդանում, Իսրայելում, Հորդանանում, Իրաքում, Քուվեյթում, Թուրքիայում։ Հիմնականում ծառայողներ են, առևտրականներ, արհեստավորներ։

II - III դդ․, Եգիպտոսում քրիստոնեության տարածման ընթացքում, ստեղծվեց ղպտիական գիրը, ղպտիերենով ծաղկում ապրեց մատենագրությունը (մինչև 7-րդ դ․)։ 7-րդ դարում Եգիպտոս ներխուժեցին արաբները։ Ղպտիները բազմիցս ապստամբեցին իրենց հայրենիքը նվաճած ու ստրկացրած արաբների դեմ (ամենախոշորը և վերջինը 831-ին էր), սակայն ղպտիների նկատմամբ եկվոր արաբների ազգային, կրոնական (բռնի մահմեդականացում), տնտեսական ճնշման հետևանքով ղպտիների թիվը նվազեց՝ կազմելով բնակչության փոքրամասնությունը (հոգևոր համայնքի ձևով), անկում ապրեց ղպտիների մշակույթը։ 12-րդ դարում ղպտիերենը դադարեց խոսակցական լեզու լինելուց (մնաց իբրև գրավոր հաղորդակցման և եկեղեցական ծեսերի լեզու), ղպտիները դարձան արաբախոս։

Հայ-ղպտիական հարաբերություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ-ղպտիական հարաբերություններն ունեցել են մշակութային, կրոնական բնույթ, որոնք, սկզբնավորվելով վաղ միջնադարում, շարունակվում են ցայսօր։ 7–րդ դ․ Երուսաղեմի սրբավայրերի զգալի մասը գտնվել է հայերի, ղպտիների, ասորիների և եթովպացիների տնօրինության տակ։ Այժմ Երուսաղեմում ղպտիները ծիսակատարություններն անում են հայկական եկեղեցիներում։ Ղպտի մատենագիրները ծանոթ են եղել հայ մատենագրությանը, մասնավորապես՝ Ագաթանգեղոսի «Պատմություն Հայոց»-ին, որից պահպանված արաբերեն համառոտ խմբագրությունը թարգմանվել է ղպտիերենից։

Ղպտիների մշակույթը

[խմբագրել | խմբագրել կոդը]

4 - 7–րդ դդ․, մինչև արաբ, նվաճումները ղպտիները ստեղծել են Հին Եգիպտոսի և անտիկ աշխարհի մշակութային ժառանգությանը աղերսվող ինքնատիպ արվեստ։ Ալեքսանդրիայից դեպի հարավ, Նեղոսի հովտում, պահպանվել են Բաուիտի վանքը (4 դ․), Սպիտակ վանքի մեծ բազիլիկը (440), Կարմիր վանքը (5 դ․), Բագաուատի մի քանի հարյուրի հասնող դամբարանները, որոնք ունեն գմբեթավոր աղոթարաններ (4 - 6–րդ դդ․), ինչպես և 2 - 4-հարկանի բնակելի տներ։ Այդ կոթողներում առկա են բիբլիական և ավետարանական թեմաներով վաղ շրջանի որմնանկարներ, որոնց բնորոշ է գունա-գրաֆիկական պարզ ընկալումը։ Ճարտարապետական հարդարանքում կիրառվել է նաև գրաֆիկական լուծում ու շեշտված նյութականություն ունեցող հարթաքանդակը (օրինակ, «Հոր աստվածը նիզակահարում է կոկորդիլոսին», քար, IV դ․, Լուվր, Փարիզ), որտեղ պարզորոշ դրսևորվել է հին եգիպտական ու քրիստոնեական քանդակագործության զուգորդման ձգտումը։ Զարգացած է փայտի և ոսկրի փորագրությունը։

Համաշխարհային համբավ են վայելում ղպտիական գեղարվեստական գործվածքները, որոնց վրա մեծ մասամբ պատկերված են հունական, և եգիպտական դիցաբանական (IV դ․), ավելի ուշ (VI դարից)՝ քրիստոնեական կերպարներ։ Դրանք ստեղծված են հեռանկարի ու լուսաստվերի օրենքների հմուտ կիրառմամբ, երիզված են ծաղկանկար կլոր շրջանակով։ Ղպտիների արվեստը նոր ծաղկում է ապրել XVII դ․։ Ղպտիների եկեղեցիներում պահպանվել են բազմաթիվ սրբապատկերներ, որոնց զգալի մասի հեղինակը Հովհաննեսն է (Հաննա էլ Արմանի) ու նրա համագործակիցները՝ որդին՝ Հովսեփը (Կերգեսը), Իբրահիմ էլ Նասիխը, Հաջի Դեֆին Մերկերիոսը։ Սրանց ստեղծագործություններում զուգորդվել են բյուգանդական ու արաբ, գեղագիտական սկզբունքները։ Ղպտիների արվեստի բազմաթիվ նմուշներ պահպանվում են Եգիպտոսի ղպտիական եկեղեցիներում և Ղպտիական արվեստի թանգարանում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ղպտիներ» հոդվածին։