[go: up one dir, main page]
More Web Proxy on the site http://driver.im/Jump to content

Շեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սարգիսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շեր (այլ կիրառումներ)
Շեր
Բնօրինակ անունանգլ.՝ Cher
Ի ծնե անունանգլ.՝ Cherilyn Sarkisian[1][2]
Նաև հայտնի է որպեսCher[1], Bonnie Joe Mason[3], Cheryl LaPiere[3], Cherilyn Sarkisan La Piere[3], Cher Bono[3] և Bono Allman[3]
Ծնվել էմայիսի 20, 1946(1946-05-20)[4][4][5][…] (78 տարեկան)
Էլ Սենթրո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[6]
Երկիր ԱՄՆ
Ժանրերփոփ ռոք, Հաուս երաժշտություն, դիսկո, ռոք, պարային երաժշտություն, ժամանակակից ժողովրդական երաժշտություն և ֆոլկ ռոք
Մասնագիտությունդերասանուհի, երգչուհի, բնավորության դերասան, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, ստուդիական երաժիշտ և կինոռեժիսոր
Երգչաձայնկոնտրալտո
Գործիքներվոկալ
ԼեյբլWarner Bros. Records, Atco Records, Atlantic Records, Columbia Records, Warner Music Group, Casablanca Records, Geffen Records?, MCA Records, Imperial?, Ռեփրայզ Ռեքորդս, Kapp Records? և United Artists Records
ԿրթությունՄոնտկլեր քոլեջի նախապատրաստական ​​դպրոց, Ֆրեզնոյի բարձրագույն դպրոց և Վաղ կրթության կենտրոն
ԱնդամակցությունՍոննի և Շեր, Allman and Woman? և Chorra?
ԱմուսինԳրեգ Օլման և Սոննի Բոնո
Պարգևներ
Կայքcherfanclub.com
Ստորագրություն
Ստորագրություն
 Cher (vocalist) Վիքիպահեստում

Շեր (անգլ.՝ Cher, իսկական անունը՝ Շերիլին Սարգիսյան ԼաՊիեր Բոնո Ալմեն (Cherilyn Sarkissian LaPiere Bono Allman), մայիսի 20, 1946(1946-05-20)[4][4][5][…], Էլ Սենթրո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[6]), ամերիկահայ փոփ-երգչուհի, երգերի հեղինակ, դերասանուհի, ռեժիսոր և երաժշտական պրոդյուսեր։ Հաճախ կոչվում է «Փոփի աստվածուհի»։ Ունի մեկական Օսկար, Գրեմմի, Էմմի, երեք Ոսկե Գլոբուս և զանազան ուրիշ մրցանակներ։ Շերն ամերիկյան հիթ շքերթի պատմության մեջ սահմանել է նոր չափանիշ՝ դառնալով առաջին երգչուհին, որի երգերը վեց տասնամյակ շարունակ գլխավորել են ամերիկյան հիթ շքերթը[7]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շերիլին Սարգիսյանը ծնվել է 1946 թվականի մայիսի 20-ին Էլ Սենթրո քաղաքում (Կալիֆորնիա)։ Հայրը՝ Ջոն Փոլ (Կարապետ) Սարգիսյանը, բեռնատարի ամերիկահայ վարորդ էր։ Մայրը՝ Ջորջիա Հոլթ (ծնված՝ Ջաքի Ջին Քրաուչ), դերասանուհի էր, որը բնիկ ամերիկյան (Չերոկի), անգլիական և ֆրանսիական ծագում ուներ։

Երբ Շերը ծնվեց, ծնողներն ամուսնալուծված էին. նա առաջին անգամ տեսավ հորը տասնմեկ տարեկանում։ Ունի մեկ քույր։

Վաղ տարիքից Շերը երազում էր հայտնի դերասանուհի դառնալ և արդեն մանկության տարիներին աշխատում էր ինքնագրերի համար իր ստորագրության վրա։ 16 տարեկանում նա մեկնում է Լոս Անջելես։

Կարիերայի սկիզբ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1962 թվականին Շերը սրճարանում հանդիպում է Սոննի (Սալվատորե) Բոնոյին, որը երաժշտական պրոդյուսեր Ֆիլ Սպեկտորի օգնականն էր։ Նա առաջարկում է Շերին ապրել իր մոտ, ինչի դիմաց նա պետք է մաքրեր տունը և ուտելիք պատրաստեր։ Շուտով նրանց հարաբերությունները ավելի մտերիմ են դառնում, և նրանք ամուսնանում են։ Այդ ժամանակ Շերը Ֆիլ Սպեկտորի ստուդիայում աշխատում էր որպես սեսիոն երգչուհի բեք-վոկալում և մասնակցում այնպիսի դասական երգերի ձայնագրություններին, ինչպիսիք են «You’ve Lost That Lovin’ Feelin’» (The Righteous Brothers), «Da Doo Ron Ron» (The Crystals) և «Be My Baby» (The Ronettes):

Շերի առաջին սոլո ձայնագրությունը «Ringo, I Love You»-ն էր 1964 թվականին Բոննի Ջո Մեյսոն կեղծանունով, քանի որ Սպեկտորը կարծում էր, որ Շերիլին անունը բավարար «ամերիկյան» չէ։

Սոննին սկսում է գրել և թողարկել երգեր, ինչի արդյունքում 1965 թվականին «Սոննի և Շեր» դուետը թողարկում է իր առաջին Look at Us ալբոմը։ Սոննին պնդում էր, որ ալբոմի առաջին սինգլը լինի «I Got You Babe» երգը, որին չէին հավատում ոչ լեյբլի ղեկավարությունը, ոչ էլ Շերը։ Այդ ժամանակ նա երգը տանում է ռադիո, որից հետո այն հեռարձակում են մի հաղորդման ժամանակ, որի ընթացքում ունկնդիրներին առաջարկում են հեռախոսով քվեարկել իրենց հավանած կոմպոզիցիայի օգտին։ Սոննին և Շերը ընկերների հետ սկսում են զանգահարել ռադիոկայանի եթեր, որպեսզի իրենց ձայնը տան «I Got You Babe»-ի օգտին։ Երգի հանրաճանաչությունն աճում է, և շուտով սինգլը գլխավորում Է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հիթ-շքերթները։ Հիպիիի կերպարով երկարամազ Սոննիի և մյուսներից տարբերվող Շերի կերպարները նրանց կտրուկ առանձնացնում են ժամանակի փոփ կատարողների շրջանում, և դուետը սենսացիա է դառնում Ատլանտիկայի երկու կողմերում։ 1965 թվականի ամռանը Շերը թողարկում է All I Really Want to Do ալբոմը, որի համանուն երգը դառնում է նրա առաջին սոլո հիթը։ 1960-ականների վերջին դուետի ժողովրդականությունը նվազում էր։ Մի շարք կոմերցիոն անհաջող ալբոմների և ֆիլմերի արդյունքում զույգը պարտք է մնում ԱՄՆ կառավարությանը։ 1969 թվականին Շերը երեխա է ունենում, ում անվանում է այն ֆիլմի անունով, որի նկարահանումների ժամանակ հղիացել էր՝ «Չեստիտի»։ Հետագայում երեխան կամինգ-աութ է անում որպես տրանսգենդեր տղամարդ՝ Չեզ Բոնո անունով։ 2010 թվականին նա սեռափոխության վիրահատություն է անում՝ դառնալով տղամարդ։

1970 թվականին Սոննին և Շերը իրենց հաղորդմամբ հայտնվում են ամերիկյան CBS հեռուստաալիքում։ «Սոննիի և Շերի կատակերգական ժամը» (ավելի ուշ՝ «Սոննիի և Շերի շոու») եթեր էր հեռարձակվում յոթ տարի և իրենից ներկայացնում էր կատակերգական սկետչերի ու երաժշտական համարների խառնուրդ՝ հրավիրված հյուրերի մասնակցությամբ, որոնց թվում էին Մայքլ Ջեքսոնը, Ռոնալդ Ռեյգանը, Դեյվիդ Բոուին, Մոհամեդ Ալին և շատ ուրիշներ։ 1971, 1973 և 1974 թվականներին Շերի երեք երգերը գլխավորում են ԱՄՆ-ի հիթ-շքերթը՝ «Gypsys, Tramps & Thieves», «Half-Breed» և «Dark Lady» (համապատասխանաբար)։

1974 թվականին Սոննին և Շերը ամուսնալուծվում են, և նրանց շոուն փակվում է։ Սեփական հաղորդումներ ունենալու անհաջող փորձերից հետո Սոննին և Շերը կրկին միավորվում են «Սոննիի և Շերի շոու»-ի համար։

Սոլո և դերասանական կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոննիից բաժանվելուց հետո Շերն ամուսնանում է երաժիշտ Գրեգ Օլմանի հետ, որը The Allman Brothers բլյուզ խմբի անդամ էր։ 1976 թվականին Գրեգն ու Շերը ունենում են որդի՝ Էլայջ Բլու Օլման (որը հետագայում կդառնա Deadsy ինդաստրիալ-ռոք խմբի վոկալիստ), իսկ 1977 թվականին նոր դուետն ալբոմ է թողարկում։ 1979 թվականին երգչուհին օրինական կերպով իր անունը փոխում է Շերի։

1982 թվականին Շերը տեղափոխվում է Նյու Յորք՝ մասնակցելու «Արի հինգին հանդիպման, Ջիմի Դին, Ջիմի Դին» Բրոդվեյի բեմադրությանը։ Շերի դերասանական խաղի մասին քննադատների դրական արձագանքներից հետո Մայք Նիկոլսը նրան դեր է առաջարկում «Սիլկվուդ» ֆիլմում։ Երբ Շերը իմանում է, որ գլխավոր դերակատարը Մերիլ Սթրիփն է, համաձայնում է՝ նույնիսկ առանց սցենարը կարդալու։ Գլխավոր հերոսուհուն անպատասխան սիրահարված լեսբուհու դերի համար Շերն առաջադրվում է «Օսկար» մրցանակի։ 1985 թվականին «Դիմակ» ֆիլմում նկարահանվելուց հետո, որտեղ Շերը խաղում է իր դեմքը այլանդակած հազվադեպ հիվանդությամբ դեռահասի մոր դերը, Նա միանում է գանգուղեղային խանգարումներ ունեցող երեխաների օգնության ասոցիացիային (CCA): 1987 թվականին Շերը մասնակցում է երեք կինոժապավենների՝ «Կասկածյալը», «Իստվիկյան վհուկներ» և «Լուսնի իշխանությունը», նկարահանումներին, որոնցից վերջինի համար նա արժանանում է «Օսկար»-ի։

1987 թվականին Շերը պայմանագիր է կնքում Geffen Records-ի հետ։ Նոր ալբոմի ձայնագրությանը մասնակցում են Դայան Ուորենը, Մայքլ Բոլթոնը և Բոն Ջովին։ 1989 թվականին հանրահայտ «If I Could Turn Back Time» երգի տեսահոլովակն արգելվում է MTV-ին ցուցադրել Շերի բաց հանդերձանքի պատճառով։ 1992 թվականին Շերի մոտ հայտնաբերվում է խրոնիկական հոգնածության համախտանիշ։ 1994 թվականին Շերը, ի թիվս այլ կատարողների, մասնակցում է The Beavis and Butt-head Experience ալբոմի ձայնագրությանը։ 1996 թվականին Շերը փորձում է իրեն որպես «Եթե պատերը կարողանային խոսել» ֆիլմի ռեժիսոր, նաև էպիզոդիկ դեր է խաղում, որի համար առաջադրվում է «Ոսկե գլոբուս»-ում։

1998 թվականի հունվարին՝ 62 տարեկան հասակում, Շերի նախկին ամուսինը՝ կոնգրեսական Սոննի Բոնոն, մահանում է Կալիֆոռնիայում դահուկավազքի ժամանակ։ Սակայն Շերի հայտարարության համաձայն՝ նա շարունակում է շփվել Սոննիի հետ իր էքստրասենս և մեդիում Ջեյմս Վան Պրաագի շնորհիվ[8]։

1998 թվականին Շերը թողարկում է Believe ալբոմը։ Համանուն երգը դառնում է միջազգային հիթ և «Լավագույն պարային ձայնագրության» համար «Գրեմմի» մրցանակ է բերում 52-ամյա երգչուհուն։ Հենց այդ ժամանակից Է Շերը դառնում գեյ-պատկերակ։ 1998 թվականի վերջին լույս է տեսնում Շերի The First Time գիրքը, որում նա պատմում է այն մասին, թե որքան դժվար է մեգաստղերի կյանքը։ 1999-ի հունվարին Շերը հսկայական հեռուստատեսային լսարանի առջև կատարում է ԱՄՆ-ի պետական օրհներգը ամերիկյան ֆուտբոլի սուպերգավաթի եզրափակիչում։ 2002-2005 թթ. Շերը 325 համերգ է ունեցել աշխարհի ավելի քան 20 երկրներում The Farewell Tour-ի հրաժեշտի շրջագայության շրջանակներում։

2008 թվականի փետրվարին Շերը պայմանագիր է կնքում Լաս Վեգասի համերգների համար, որտեղ նա հանդես է գալիս մինչև 2011 թվականի փետրվարի 5-ը։

2010 թվականին, երկար տարիների ընդմիջումից հետո, Շերը կրկին հայտնվում է մեծ էկրանին «Ծաղրանկար» մյուզիքլում։ Նրա կատարած «You Haven’t Seen the Last of Me» երգը դառնում է «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիր, թեև դերասանուհու դերն առաջարկվել էր «Ոսկե ազնվամորի» անվանակարգին։

2018 թվականին՝ ութ տարվա ընդմիջումից հետո, Շերը մեծ էկրանին է հայտնվում «Mamma Mia! 2» մյուզիքլում, իսկ նույն տարվա աշնանը ալբոմ է թողարկում ABBA-ի երգերի քավեր տարբերակներով։

2019 թվականի հունիսի 25-ին The New York Times Magazineruen-ը հարյուրավոր կատարողների շարքում, որոնց նյութերը, ինչպես հաղորդվում էր, ոչնչացվել էին 2008 թվականի Universal Studios Hollywood-ում տեղի ունեցած հրդեհի ժամանակ, Շերին էլ է մատնանշում[9]։

Շերը Հայաստան այցելել է 1993 թվականի ապրիլի 28-ին։ Նա իր հետ բերել էր 2,5 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն՝ դեղորայք, բժշկական սարքեր և սնունդ։ Այցելել է մանկատներ, մանկական հիվանդանոցներ։ Տեսնելով հիվանդ երեխաներին՝ Շերը ծանր տպավորությունների պատճառով հրաժարվել է նախագահի և Ամենայն հայոց կաթողիկոսի հետ հանդիպելուց։

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ

  • All I Really Want to Do (1965)
  • The Sonny Side of Cher (1966)
  • Cher (1966)
  • With Love (1967)
  • Backstage (1968)
  • 3614 Jackson Highway (1969)
  • Gypsys, Tramps & Thieves (1971)
  • Foxy Lady (1972)
  • Bittersweet White Light (1973)
  • Half-Breed (1973)
  • Dark Lady (1974)
  • I’d Rather Believe in You (1976)
  • Cherished (1977)
  • Take Me Home (1979)
  • Prisoner (1979)
  • Black Rose (1980)
  • Paralyze (1982)
  • Cher (1987)
  • Heart of Stone (1989)
  • Love Hurts (1991)
  • It’s a Man’s World (1995)
  • Believe (1998)
  • Լiving Proof (2001)
  • Closer to the Truth (2013)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 https://www.timeandleisure.co.uk/things-to-do/review-the-cher-show-new-wimbledon-theatre/
  2. https://www.antena1.com.br/noticias/cher-completa-76-anos-relembre-a-trajetoria-da-cantora
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Internet Broadway Database — 2000.
  5. 5,0 5,1 Encyclopædia Britannica
  6. 6,0 6,1 6,2 http://www.aveleyman.com/ActorCredit.aspx?ActorID=3081
  7. «Շերը ամերիկյան հիթ շքերթի պատմության մեջ նոր ռեկորդ է սահմանել». tert.am. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 22-ին.
  8. Շերը շփվում է իր հանգուցյալ ամուսնու հետ. «Երաժշտական ճշմարտություն» թերթ, № 19 от 22.05.1998
  9. «Here Are Hundreds More Artists Whose Tapes Were Destroyed in the UMG Fire». The New York Times. 2019 թ․ հունիսի 25. Վերցված է 2019 թ․ հունիսի 28-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շեր» հոդվածին։